«Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր 5% վճարի» քաղաքացիական նախաձեռնությունը շարունակում է ակտիվորեն և նորանոր ակցիաներով իրազեկել հանրությանը, որ 2014 թ. հունվարի 1-ից շատերիս աշխատավարձը զգալիորեն նվազելու է:

 

Այսօր մի խումբ Ձմեռ պապեր Ազատության հրապարակից սկսել են իրենց քայլարշավը Երևանի փողոցներով: Նրանք քաղաքի կենտրոնական փողոցներում բարձրախոսով իրազեկում են քաղաքացիներին, որ 2014 թվական ենք թևակոխում մեր սահմանադրական իրավունքների ոտնահարմամբ և ավելի ցածր աշխատավարձերով:

 

Լուրեր.com-ի լրագրողի փոխանցմաբ' Ձմեռ պապերը կոչ են անում քաղաքացիներին միավորվել և համախմբված կերպով պայքարել բոլորի իրավունքների ու արդարության համար՝ միանալով երեքշաբթի օրը՝ դեկտեմբերի 17-ին, կայանալիք հավաք–երթին Ազատության հրապարակից' դեպի Սահմանադրական դատարան: Ձմեռ պապերը քաղաքացիներին թռուցիկներ և կոնֆետեր են բաժանում:

 

Ի դեպ, Ձմեռ պապերին ուղեկցում են ոստիկանները: