Հայաստանի ու Վրաստանի խորհրդարանների պատգամավորների մասնակցությամբ Լոռու մարզի Ալավերդի քաղաքում այս հանգստյան օրերին տեղի ունեցած «Հայ-վրացական միջխորհրդարանական համագործակցության հեռանկարները» թեմայով խորհրդաժողովին հիմնականում քննարկվել են հայ-վրացական օրակարգի համար կարևորագույն երեք հարցեր: Դրանք են՝ հայ-վրացական-աբխազական երկաթուղու վերագործարկում, «Բավրա» անցակետի վերահսկողությանը և շինարարությանն առնչվող հարցեր, և, իհարկե, Մաքսային միությանն անդամակցելուց հետո ԵՄ-ին «ասոցացվող» Վրաստանի հետ տնտեսական ռեժիմների մասով քննարկում:

 

Ամփոփելով Tert.am-ի հետ զրույցում ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամներ Թևան Պողոսյանի, Խաչատուր Քոքոբելյանի, հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի և որոշ իրազեկ աղբյուրների հայտնած առանձին մանրամասների արդյունքները՝ նշենք, որ վրացիները խոստացել են, որ իրենք իրենց կողմից լոբբինգ կանեն՝ այս հարցում վրաց իշխանությունների՝ դեպի դրականը գնացող դիրքորոշումներն ավելի արմատավորելու համար, սակայն բոլորը համաձայնել են ու խոստովանել, որ երկաթուղին այն հարցն է, որտեղ քիչ է միայն երկու երկրների՝ Հայաստանի ու Վրաստանի պատրաստակամությունը, և անհրաժեշտ է նաև աբխազական իշխանությունների ու ռուսների համաձայնությունը:

 

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը, ով նույնպես մասնակցում էր հանդիպմանը, հաստատեց տեղեկատվությունը՝ ասելով. «Վրացական կողմը վստահեցրեց, որ իրենք պատրաստ են քննարկել այդ գաղափարը, իրենց համար, բնականաբար, եթե դա մնում է միայն առևտրի շրջանակներում, որևէ պրոբլեմ չի լինում և նույնիսկ հետաքրքրություն կարող է ունենալ»:

 

Աբխազական կողմին անդրադառնալով՝ պատգամավորը նշեց. «Երբ մենք 1,5 տարի առաջ խոսում էինք, Աբխազիան դեմ էր արտահայտվում այն իմաստով, որ վրացական կողմը կարող է ներգործություն ունենալ: Բայց մեր մամուլում մի քանի անգամ եղել է, որ աբխազական իշխանություններն արդեն հայտնել են, որ կողմ կլինեն այդ հարցը քննարկելուն»:

 

Հիշեցնենք, որ համաժողովի բացմանը ներկա են եղել Հայաստանի և Վրաստանի ԱԺ խոսնակները՝ Հովիկ Աբրահամյանը և Դավիթ Ուսուպաշվիլին, նաև՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչներ:

 

Ինչպես տեղեկացանք վերը նշված աղբյուրներից՝ որոշ առումով կիսափակ ռեժիմում քննարկվել է Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելուց հետո հայ-վրացական սահմանին հավանական խոչընդոտների հարցը: Մասնավորապես, ներկայացվել է, որ հայ-վրացական սահմանն այսուհետ կդիտարկվի որպես «ասոցացման տնտեսական դաշտում» գտնվող երկրների և Մաքսային միության երկրների սահման:

 

Հիշեցնենք, որ վիլնյուսյան գագաթաժողովին Վրաստանը նախաստորագրեց ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը, իսկ Հայաստանն անդամակցելու է Մաքսային միությանը:

 

Համաժողովին մասնակցած ԱԺ պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը հաստատեց, որ նման հարցադրում եղել է և ավելացրեց. «Եվ բնական է ու շատ կարևոր է, որ այս պարագայում հայ-վրացական հարաբերությունները չունենան հետագա կնճիռներ: Երկուստեք քննարկվեցին բոլոր հնարավոր խնդիրները, շատ մեծ պատրաստակամություն կար թե՛ վրացական, թե՛ հայկական կողմից: Քննարկվեցին նաև այսօր գոյություն ունեցող խնդիրները՝ տրանսպորտի, երկաթգծի, ապրանքաշրջանառության հետ կապված»:

 

Նշենք, որ Հայաստանի ու Վրաստանի միջև ապրանքաշրջանառությունը կազմում է մոտ 130.000 ԱՄՆ դոլար, ինչը մոտ երկու անգամ պակաս է, քան Հայաստան-Թուրքիա ապրանքաշրջանառությունը:

 

«Եվ պետք է արձանագրեմ, որ կար երկկողմ պատրաստակամություն, որ Հայաստանն ու Վրաստանը կարողանան մեղմել այն խնդիրները, որոնք կարող են առաջանալ ասոցացման և Մաքսային միության հետ կապված»,-ամփոփեց պատգամավորը և հույս հայտնեց, որ կողմերից յուրաքանչյուրը կանի «տնային իր աշխատանքը»՝ իր մասով, ինչից հետո հաջորդ հանդիպմանը կգնան ավելի պատրաստված և կոնկրետ լուծումներով:

 

Հայ-վրացական խորհրդարանականների համագործակցության առումով, ինչպես Tert.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, կողմերը ֆիքսել են, որ վերջին հինգ-վեց տարիներին հայ և վրացի խորհրդարանականների համագործակցությունը բավականին թույլ է եղել:

 

«Եվ որ հիմա կողմերը պատրաստակամություն են հայտնում զարգացնել հարաբերությունները , հաճախակի դարձնել շփումները»,-մանրամասնեց Արտակ Զաքարյանը՝ հավելելով, որ քննարկվել է նաև այն հարցը, որ տարբեր խորհրդարանական պատվիրակություններում հայ և վրացի խորհրդարանականները կարողանան գոնե հակադիր կետերում չեզոք դիրքերից հանդես գալ:

 

Ինչպես Tert.am-ին հայտնեց իրազեկ աղբյուրը՝ քննարկումներում կողմերը երկուստեք ընդունել են, որ վերջին ութ-ինը տարիների տարիներին հայ և վրացի խորհրդարանականների կողմից հանդիպումներ չեն եղել և որ վերջին հայեցակարգային հանդիպումը՝ համագործակցության օրակարգով, եղել է ԱԺ նախկին նախագահ Արմեն Խաչատրյանի պաշտոնավարման օրոք: Կողմերի մոտ եղել է այն համոզմունքը, որ սա պայմանավորված է նրանով, որ Հայաստանն ու Վրաստանն այս տարիներին ունեցել են տարբեր արտաքին քաղաքական կողմնորոշումներ:

 

Խորհրդաժողովին քննարկվել է նաև տնտեսական հարցերում երկու երկրների օրենսդրությունների ներդաշնակեցման հարցը:

 

Այսօր խորհրդաժողովին մասնակից ՀՀ ԱԺ և Վրաստանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովները հանդես են գալու համատեղ հայտարարությամբ, որը կտարածվի քիչ ավելի ուշ: