Նախորդ շաբաթ Ռուսաստանի հայերի միության կառավարման խորհրդի անդամ, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը, ով մեծ ներդրում է ունեցել հայոց բանակի հիմնադրման և Արցախյան ազատամարտի հաղթանակի գործում, հայտարարեց Արա Աբրահամյանի գլխավորած կազմակերպությունից դուրս գալու մասին: Նորատ Տեր-Գրիգորյանցի հրաժարականի դիմումը հրապարակվել է «Երկրամաս» թերթում:

 

Ներկայացնում ենք ԳԱԼԱ-ի հարցազրույցը գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցի հետ:

 

-Պարո՛ն Տեր-Գրիգորյանց, Ձեր հրաժարականը բազմաթիվ մեկնաբանությունների տեղիք տվեց, ի վերջո ո՞րն էր պատճառը, ինչու՞ Դուք որոշեցիք լքել Ռուսաստանում գործող հայերի միությունը, որի կառավարման խորհրդի անդամ էիք:

 

-Ինչ է, ես իրավունք չունեի՞ դուրս գալ... Այն հասարակական կազմակերպություն էր, որտեղ ես խորհրդի անդամ էի: Դուք գիտե՞ք, թե ինչ է տեղի ունեցել. մի միջոցառման ժամանակ ես ելույթի խոսքով հանդես եկա հայ ուսանողների առաջ, որպես գեներալ-լեյտենանտ եւ որպես արեւմտահայերի ազգային կոնգրեսի փոխնախագահ: Ես չեմ ներկայացել որպես ռուսաստանաբնակ հայ:

 

Ես խոսել եմ հայրենասիրական թեմայով, խոսել եմ հայրենիքի նկատմամբ սիրո մասին, Արցախի, հայ ազգի մասին: Այդ ժամանակ մի երիտասարդ ուսանող ելույթի իրավունք խնդրեց եւ խոսեց այլ կազմակերպության մասին, որ գործում է Ռուսաստանում, բայց ընդգրկված չէ Ռուսաստանի հայերի միության կազմում, իսկ մենք չգիտենք՝ ով ինչ է կազմակերպում, եւ որ ստեղծվի մի այնպիսի համայնք, որի ներկայացուցիչները գաղափար կունենան որտեղ ինչ միջոցառում է տեղի ունենալու, որպեսզի երիտասարդությունը ցուցաբերի մասնակցություն:

 

Ամսի 6-ին տեղի ունեցավ նիստ, որտեղ ընկեր Աբրահամյանն ասաց, որ խորհրդի անդամներից ինչ-որ մեկը մի նոր կազմակերպություն է փորձում ստեղծել կամ հիմնել, որը գաղափարապես դեմ է լինելու Ռուսաստանի հայերի միությանը: Ազգանուն չհնչեց, բայց նա այնքան կոպիտ տոնով խոսեց, ոչ քաղաքակիրթ եւ խիստ հայացքով սկսեց նայել բոլորին, այդ թվում ինձ:

 

-Պարոն Տեր-Գրիգորյանց, Դուք չփորձեցի՞ք պարզաբանում մտցնել:

 

-Ա.Աբրահամյանը հայտարարեց. «Եթե միության անդամը ստեղծում է ինչ-որ խորհուրդներ Ռուսաստանում, որը դեմ է միությանը, ապա թող դիմում գրի միությունից դուրս գալու վերաբերյալ»: Ինչ-որ մեկն ըստ երեւույթին նրան սուտ տեղեկություններ է զեկուցել, իսկ Աբրահամյանը չի փորձել ստուգել այդ ինֆորմացիան՝ հանուն կազմակերպության շահի: Քանի որ նա նրան հորդորով հանդես եկավ, ես ձեռք բարձրացրեցի, որպեսզի հարցնեմ, թե արդյոք դա ինձ է՞լ է վերաբերվում, քանի որ ես եղել էի այնտեղ եւ կարող էի բացատրել, թե իրականում ինչ է տեղի ունեցել: Բայց հրաժարվեցին լսել, սկսեցին այլ թեմաներով զրուցել եւ հեռացան: Հետո ես նրա առաջին տեղակալին փորձեցի բացատրել, որ տեղի է ունեցել շփոթմունք, որ ամեն ինչ այնպես չի եղել, ինչպես ներկայացվել է, բայց ինձ ասացին, որ ուշադրություն չդարձնեմ:

 

Այնուհետ ես գնացի տուն եւ որոշեցի գրել հայտարարություն. ես չեմ ուզում աշխատել այնպիսի մարդկանց հետ, ովքեր անբարո բաների մասին են խոսում: Ահա եւ վերջ:

 

-Պարոն Տեր-Գրիգորյանց, մամուլում հրապարակվեց տեղեկություն, թե Դուք նաեւ դեմ եք Հայաստանի ՄՄ ընդգրկմանը եւ գտնում եք, որ այդ փաստը կվտանգի Արցախի անկախությանը: Կան տեղեկություններ, թե նաեւ դա է պատճառը, որ Դուք որոշել եք դուրս գալ միությունից...

 

-Ես կողմ եմ Հայաստանի անդամակցմանը ՄՄ-ին: Մենք միշտ պետք է լավ հարաբերություններ ունենանք Ռուսաստանի հետ, մեր հարաբերությունները պետք է եղբայրական լինեն:

 

Բայց գտնում եմ, որ Արցախի համար կարեւորը նախ եւ առաջ այն է, որ ճանաչվի ԼՂՀ-ն որպես պետությունը, իսկ եթե չեն ճանաչում, դա նախ եւ առաջ ՀՀ իշխանությունների խնդիրն է:

 

Ես իմ մասով իմ պարտականությունն եմ համարել եւ այն կատարել եմ, դա Հայաստանի զինված ուժերը կառուցելն է, եւ իմ պարտքն եմ համարում պարբերաբար այցելել Արցախ:

 

Մենք բազմիցս ենք լսել, որ Ալիեւը հայտարարում է, որ Երեւանը նույնպես ադրբեջանական հող է, ոչ միայն Ղարաբաղը, այլեւ Հայաստանն ընդհանրապես. Այնպես որ, պետք է զգույշ լինել:

 

-Ինչպե՞ս եք վերաբերվում մայրաքաղաքում իրականացված բողոքի ցույցերին ազատամարտիկների մասնակցությամբ: Արցախյան պատերազմի մասնակիցները պարբերաբար նստացույց են հայտարարում ու պայքարում իրենց իրավունքների համար:

 

-Ես լսել եմ այդ ամենի մասին: Շատ եմ ասել, որ վետերանները պետք է պաշտպանված լինեն ինչպես Ռուսաստանում: Նրանց պետք է վերաբերվել որպես վետերանների: Նրանք պետք է սոցիալական խնդիրներ չունենան. նրանք պաշտպանել են մեր հողը, տունը, իսկ հիմա ունեն առողջական լուրջ խնդիրներ ու նույնիսկ բժշկի դիմելու հնարավորություն չունեն: Այդպես չի կարելի: