Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի՝ Երևան կատարած մեկօրյա այցը մեծ ուշադրության արժանացավ։ Հարավային Կովկասում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում նոր բանակցություն սկսելու փորձերի շրջանում այս այցն իրոք կարևոր էր, գրում է «Ակօս» շաբաթաթերթի խմբագիր Ռոբեր Քոփթաշը։

 

Արտգործնախարարության աղբյուրները որքան էլ դրական ազդանշաններ տան, Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա եռանկյունում դրական զարգացումներ ակնկալելն այնքան էլ հեշտ չէ։

 

Հայաստանը չի վստահում

 

2009թ.-ի Արձանագրություններից հետո, երբ Թուրքիան, Իլհամ Ալիևի բացահայտ սպառնալիքների ներքո, Արձանագրությունները կասեցնելու որոշում կայացրեց, Հայաստանն այսօր Թուրքիայի ցանկացած քայլ կասկածանքով է ընդունում։

 

Երևան այցից առաջ և այցի 10 ժամերի ընթացքում հայաստանցի գործընկերներս ինձ ամենից հաճախ հետևյալ հարցերն էին տալիս. «Այս այցը թուրքական շոո՞ւ է։ Դավութօղլուն դեռ որքա՞ն է խաղալու։ Թուրքերն այս անգա՞մ ինչ խորամանկ ծրագիր են դնելու սեղանին»։

 

Այս կասկածների մի մասն, անկասկած, պատմական անցյալի հետ կապ ունի, սակայն Թուրքիայի՝ Արձանագրություններից հետո ընդունած կեցվածքը հայաստանցիների շրջանում Թուրքիային ու թուրքերին չվստահելու հարցում հետքայլի տարան։

 

Ի՞նչ է առաջարկում Թուրքիան

 

Դավութօղլուն մի քանի անգամ հերքեց, որ իրենք Հայաստանին ԼՂ երկու շրջանից դուրս գալու վերաբերյալ առաջարկ են արել։ Սակայն այդ դեպքում թուրք նախարարը Հայաստան ի՞նչ առաջարկությամբ էր այցելել։ Այդ հարցից որքան էլ նախարարը խուսափեց, սակայն ասաց, որ խնդիրը միայն հայ-թուրքական սահմանը չէ, հայ- ադրբեջանական սահմանի բացման բանաձևի վրա էլ են աշխատում։

 

«Ղարաբաղի նման սառեցված հարցի լուծումը բարդ է». այս մասին ասող Դավութօղլուն նշում է, որ հայ-թուրքական հարաբերություններն էլ Կովկասի այլ խնդիրներից և դերակատարներից անկախ չեն կարող գործել։

 

Դավութօղլուն, թեև բացահայտ չի ասում, սակայն տողատակում հասկացնում է, որ Հայաստանը Ղարաբաղի հարակից չբնակեցված շրջանները կամ երկու շրջան է պահանջում։

 

Նալբանդյանն այդ առաջարկի համար «բաց դուռ» չի թողել

 

Դավութօղլուի այս առաջարկին հայկական կողմը ոչ մի պաշտոնական արձագանք չտվեց։ Սակայն մեր կապերի միջոցով ճշտվեց, որ Նալբանդյանը (ՀՀ արտաքին գործերի նախարար) այս հարցի առնչությամբ «բաց դուռ» չի թողել։

 

Փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը մինչ այցը Ցեղասպանության հուշարձան այցելելու, սահմանը բացելու և Արձանագրություններն առանց նախապայմանների վավերացնելու «անհնար պահանջներ թվարկելով» ցույց էր տվել, որ Հայաստանի կեցվածքն այցի առնչությամբ բոլորովին էլ դրական չէ։

 

2015թ.-ին ընդառաջ

 


Դեպի 2015թ.-ն ընթանալիս՝ Թուրքիան ցեղասպանության հարցով դրսի ճնշումը թեթևացնելու նպատակով հարաբերությունները կարգավորելու տարբերակն օրակարգում է պահում։ Այդ ռազմավարությունն ավելի վաղ փոխվարչապետ Բյուլենթ Առընչն էլ էր օրակարգ բերել։

 

Թուրքիայի հանդեպ հայերի անվստահության ու Ղարաբաղյան հարցում փոքր զիջումն անգամ հայրենիքի դավաճանություն ընկալելու պայմաններում Դավութօղլուի գործը դժվար է երևում։
«Տեղահանությունն անմարդկային էր» ասելը բավական չէ։ Իսկ Հայաստանն ավելին պետք է անի, քան «ոչ» ասելը»։