Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության՝ այսօր՝ դեկտեմբերի 25-ին, «Ֆլորենցիա» ռեստորանում անցկացված մարզիկների լավագույն տասնյակի պարգեւատրման արարողությունը անցավ շատ ուրախ մթնոլորտում, ուտում, խմում եւ ուրախանում էին անգամ պաշտոնյանները։

 

Միջոցառումը վարում էին Խորեն Լեւոնյանը եւ Գոհար Գասպարյանը, ելույթներ ունեցան երգիչներ Արսեն Գրիգորյանը՝ Մրոն, Թաթան, Ռուբեն Մաթեւոսյանը, երգչուհի Լեյլա Սարիբեկյանը եւ այլք։ Հատկապես, Թաթայի «Ամենալավը դու ես» երգը ոտքի հանեց պաշտոնյաներին, մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ պարում էին վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը։ Ի դեպ, սա Տիգրան Սարգսյանի միակ պարը չէր։ Երեկոյի ընթացքում առաջին անգամ նրան ոտքի հանեց սամբիստ, աշխարհի եւ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Սոսե Բալասանյանը։

 

Պարեց Տիգրան Սարգսյանը, սակայն այդպես էլ չպատասխանեց NEWS.am-ի թղթակցի մի քանի հարցերին, թեեւ երեկոյի ընթացքում բազմիցս մոտեցել, խնդրել էինք, իսկ ինքը չէր մերժել՝ ասելով, թե հետո կպատասխանի։ Բայց «Ամենալավը դու ես» երգի տակ պարելուց հետո վարչապետը հեռացել էր «Ֆլորենցիայից»։