«Ժառանգությունը» 2013 թ. մտավ միայնակ քաղաքական պայքարով, դրանից հետո չկարողանալով այնպես անել, որ քաղաքական դաշտը համախմբվեր, և ունենանք նոր իշխանություն: Դեկտեմբերի 27-ին լրագրողների հետ նախատոնական՝ ամփոփիչ հանդիպման ժամանակ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը նշեց, որ դա իրենց չհաջողվեց: Գրում է News.am-ը:
Անդրադառնալով վերջին գազային համաձայնագրերի քվեարկությանը և ԱԺ նիստերի դահլիճում ստեղծված աննախադեպ իրավիճակին՝ նա նշեց. «Այնպես ստացվեց, որ կոճակները այլևս իրենց տիրապետության տակ չէին գտնվում, իրենք ստիպված էին ձեռք բարձրացնելու միջոցով քվեարկել, դա էլ նրանց չհաջողվեց, որովհետև միայն Սուքիաս Ավետիսյանն էր հաշվում, և ոչ՝ ԱԺ կանոնակարգով սահմանված հաշվիչ հանձնաժողովը: Իսկ ԱԺ նախագահը կեղծիքի մեղսակիցը եղավ ու ստորագրեց, իբրև թե փաստաթուղթը վավերական է»:
Փոստանջյանը նշեց, որ ըմբոստությունը պետք է տեղի ունենա փողոցում, բայց նաև նման իրավիճակ խորհրդարանում դեռևս չէր եղել, ուստի նա նաև իր երախտագիտությունը հայտնեց լրագրողներին, ովքեր, իր իսկ ձևակերպմամբ, կանխեցին պետական դավաճանությունը, նաև հպարտությամբ նշեց՝ դա փոքր նախադեպ էր, որ ընդդիմությունը հանդես եկավ միասնաբար:
«Եթե անցյալ տարի այսպես միասնական լինեինք, մենք այլ վիճակ և այլ նախագահ կունենայինք: Կարծում եմ՝ այս միասնությունը պետք է տեղափոխվի հրապարակներ: Այն միանգամից բերելու է փոփոխություններ, այնպես որ մեր խնդիրը պետք է լինի համախմբումը և հասարակական ոլորտի լիարժեք ներգրավվածությունը պայքարին»,- ասաց նա:
Փոստանջյանը նշեց, որ իրենց օրակարգում չէ ՍԴ դիմելը, իրենց խնդիրը այսուհետ հրապարակներում է՝ քաղաքացիների հետ, որ բոլոր ուժերը համախմբվեն. դա հասարակության կողմից առաջարկ է ու պատվեր, որը պարտադիր պետք է իրականացնել:
Իր նկատմամբ ԱԺ նախագահի նախաձեռնած պատժիչ հնարավոր միջոցառումներից պատգամավորը չի վախենում, նշում է, որ մինչ պատգամավոր դառնալը ինքն էլ է եղել մեղադրյալի կարգավիճակում, իր ընտանիքի անդամն էլ: Լրագրողները հետաքրքրվեցին՝ որտե՞ղ է Րաֆֆի Հովհաննիսյանը, ինչո՞ւ չի մասնակցում ներքաղաքական գործընթացներին: «Ես ներկայացնում եմ «Ժառանգություն» կուսակցությունը, որն այստեղ է Րաֆֆի Հովհաննիսյանի շնորհիվ: Այսօր այստեղ ինչ որ տեղի է ունենում, ես կարծում եմ՝ նաև Րաֆֆի Հովհաննիսյանի և իր մեծ ներդրման շնորհիվ է: Եթե, պատկերացրեք, 2012թ. դեկտեմբերին ինքը չունենար այդ քաղաքացիական զգացումը, սերը դեպի մեր հայրենիքը, համարձակություն չունենար, չէր առաջադրվի, իսկ դուք տեսաք, որ (թող ոչ մի կուսակցություն ինձնից չնեղանա, բայց, ըստ էության, բոլորը եղան դասալիքներ) բոլորը ասում էին' Սերժ Սարգսյանն առանց այն էլ հաղթելու է, մինչդեռ դուք պատկերացրեք, որ մենք բոլորս միասնական լինեինք, ո՞վ էր հաղթելու: Մենք էինք հաղթելու, իսկ Սերժ Սարգսյանը մնալու էր այլևս անցյալում, մինչդեռ տեսաք՝ չմասնակցեցին»,- ասաց նա:
Փոստանջյանն ընդգծեց. Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր էլ այս ամենի մեջ է, այսօր էլ իր ներդրումն ու մասնակցությունը հսկայական է, անգնահատելի: Կուսակցության առաջնորդը, պատգամավորի հավաստմամբ, շուտով կվերադառնա: Փոստանջյանը նաև խոստովանեց՝ ինքը Րաֆֆի Հովհաննիսյանի զինվորն է: