Ես հավատում եմ Գաբրիել հրեշտակապետին: Բայց, ինչպես երևում է, նա հայտնվում է այլ կերպարանքով:

 

Ես հաստատ գիտեմ. ինձ հենց նոր առան թևերի մեջ: Վերջին տարիների ընթացքում առաջին անգամ ես փակեցի աչքերս: Հանգստություն զգացի սրտումս: Ինձ պետք չէ այլևս ճանապարհ փնտրել:

 

Ես միշտ աչքերս փակում եմ, երբ երջանիկ եմ լինում: Այդպես փակվում են դռները շտեմարանի: Լեփ-լեցուն շտեմարանի: Դու իմ հացն ես օրհնած :

 

Այո՜, ես քեզ ցավ եմ պատճառում: Այո՜, դու ինձ ցավ ես պատճառում: Այո՜, մենք տառապում ենք: Այդպիսին է մարդկային ճակատագիրը:

 

Հանդիպել գարնան՝ նշանակում է ընդունել ձմեռը: Ուրիշին բացել՝ նշանակում է հետո տառապել միայնության մեջ: (Ինչքա՜ն անհեթեթ են հեռախոսային զանգերը, հեռագրերը, վերադարձող ինքնաթիռները. մարդիկ մոռացել են ապրել ներկան):

 

Չվախենալով հավաքել իմ անդարմանելի վիշտը՝ ես անձնատուր եմ լինում անհոգությանը:

 

Երանելի գալիք ձմեռ: Ես չեմ խնդրում ինձ ազատել տառապանքից: Ես խնդրում եմ ինձ ազատել երազից, որն ինձ պարտադրել է սերը: Այլևս չեմ ուզում ողորկ օրեր, տարվա չընկալված եղանակներ, չեմ ուզում երկրագունդի անիմաստ պտույտ, որը ոչինչ չի տալիս ու չի վերցնում:

 

Այնպես արա, որ ես սիրեմ: Ինձ լույսի նման անհրաժեշտ դարձրու:

 

Ես գիտե՜մ, թե որքան շատ արգելքներ կան, գիտե՜մ, թե որքան հաճախ եմ ես ընկնում չգոյության մեջ, թախծում եմ: Գիտեմ՝ ինչքան պարտավորություններ, թերություններ, հակասություններ ունեմ ես. ամենաիսկական անկատարություն: Բայց դա ընդամենը տեսանելին է:

 

Ոչինչ, որ հիմա ամենուր անկարգություն է: Դարձի՜ր լույս:

 

Իմ սիրելի.. վաղուց չէի ասել այդ բառը: Այն ինձ համար քաղցր է, ինչպես ամանորյա նվեր: Գիտե ՞ ս, երեկ երեկոյան ես ինձ զգացի արվարձանի այն մրոտված սևագործ բանվորի պես, ով հանկարծ իր առջև տեսնում է մարգագետին փռված և սպիտակ խճաքարերով մի առվակ:

 

Ես անմիջապես փակեցի աչքերս՝ պահելու համար այդ զարմանահրաշ տեսիլքը:

 

Թարմություն բերող ճերմակախիճ իմ առվակ, ջուր երգող , իմ սիրելի…

 

Անտուան

 

1942 թ.

 

Լուսանկարում՝ Նատալի Պալե