«Ազգային ինքնորոշում միավորման» առաջնորդ Պարույր Հայրիկյանը տրամաբանական է համարում ոչ իշխանական ուժերի պնդումները, թե «գազային» համաձայնագրերի փաթեթը վավեր չէ, և կարծում է, որ եթե ՍԴ-ն դա համարի օրինական, նշանակում է՝ վերջ, ՍԴ-ն իր վրա խաչ քաշեց։

 

«Եթե կա հաշվիչ հանձնաժողով, որը հատուկ ստեղծված է, որպեսզի այդ տեսակ գործողություններին մասնակցի, քանի որ նրան է նման լիազորություն տրված, բայց այդ հաշվիչ հանձնաժողովը տեղում չի եղել, և մեծամասնությունն ասում է, որ չի ընդունում քվեարկությունը, այդ դեպքում ո՞վ է որոշել, որ եղել է քվեարկություն։ Հենց իրենք՝ քվեարկողներն են ասում, որ եղել է. չէ՞ որ դրա համար իրենք հատուկ մարմին են ստեղծել։ Այնպես որ՝ կարծում եմ՝ մյուս կողմի փաստարկները տրամաբանական են»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա։

 

Իսկ թե ինչ հույս կարելի է ունենալ ՍԴ-ից, Պարույր Հայրիկյանը խոստովանեց՝ ոչ մեծ։
«Չէ՞ որ ՍԴ-ն ինքը պետք է ասեր, որ գազի վերաբերյալ այս համաձայնագրերը հակասահմանադրական են, սակայն միայն մի փաստ էր բերել՝ օրենքի նկատմամբ ինչ-որ վերահսկողություն սահմանել։ Բայց համաձայնագիր է ներկայացված, որը կանխորոշում է ՀՀ-ի հետագա բոլոր քայլերը, այդպիսի միջպետական համաձայնագիր չի կարող լինել։ Եվ հետո համաձայանագիրն ընդամենը՝ դառնում է օրենք, իսկ օրենքը ցանկացած ժամի, ցանկացած օր ենթակա է փոփոխությունների օրենսդիրների կամքով։ Չի կարող լինել օրենք, որը փոփոխություների ենթակա չլինի, օրենքը դրանով է օրենք, որ կարող է փոփոխությունների ենթարկվել՝ Սահմանդրության հիման վրա։ Եթե ՍԴ-ն դա համարի օրինական, նշանակում է՝ վերջ, ՍԴ-ն իր վրա խաչ քաշեց»,-եզրափակեց նա։