Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ 2rd.am կայքին տված հարցազրույցը դիտարկելով միայն PR տեսանկյունից, նշում է, որ դրա համար ամենաճիշտ ժամանակաշրջանն է ընտրված:

 

«Մինչև հունվարի 8-ը ոչինչ չի լինելու, մարդիկ տանն են լինելու, հանդիպելու են միմյանց, և այդ ելույթը դառնալու է սեղանների խոսակցության նյութը: Չեմ կարող ասել՝ հասարակությունն ինչպես կընկալի այն, բայց որ դա կդառնա ամանորյա սեղանների խոսակցության նյութ, միանշակ է, որովհետև, կրկնում եմ, մամուլն արեն լույս չի տեսնում, իսկ հեռուստատեսությամբ արդեն միայն ամանորյա, տոնական կամ «գլամուռ» ինֆորմացիա են տալիս»,- Tert.am –ին ասաց Կարեն Քոչարյանը:

 

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը նշել էր, թե շինարարական ծավալների անկման մասին Տիգրան Սարգսյանի բացատրությունը ոչ մի ընդհանուր բան չունի իրականության հետ և ավելացրել, որ եթե վարչապետը սա չի հասկանում, ուրեմն նա բանականության դեգրադացիա է ապրել, իսկ եթե «հասկանալով է ստում ու խուսանավում՝ փորձելով մեղքը գցել Անդրանիկ Մարգարյանի Կառավարության և իր վրա, ուրեմն' բարոյականության դեգրադացիա է»:
«Հավանաբար' գործ ունենք բանականության և բարոյական դեգրադացիայի լիարժեք համադրության հետ: Ամեն դեպքում' թերարժեք վարչապետն անթույլատրելի ճոխություն է երկրի համար»,-ասել էր Ռոբերտ Քոչարյանը:

 

Նա ավալացրել էր, որ «երկրում ապատիան, անելանելիության զգացումը, երկրի հեռանկարի նկատմամբ հավատի բացակայությունն այն աստիճանի են հասել, որ դառնում են մարդկանց վարքագծի և մոտիվացիայի վրա ազդող կայուն գործոն: Հետազոտությունները ցույց են տալիս, որ Հայաստանում մնացած բնակչության ուղիղ 40 տոկոսը մտադիր է ընդմիշտ տեղափոխվել այլ երկիր առաջին իսկ հնարավորության դեպքում»:

 

Ի պատասխան հարցադրման, թե նման կտրուկ գնահատական անգամ ոչ բոլոր ընդդիմադիրների կողմից է տրվել, Կարեն Քոչարյանն ասաց միայն.«Ինչպես ասում են՝ թող իրենք իրար մեջ փոխադարձաբար իրենց հարցերը լուծեն, որովհետև այնպես չէ, որ այժմյան իշխանությունը Ռոբերտ Քոչարյանի իշխանությանն ընդդիմություն է եղել: Կարելի է ասել, որ նույն թիմն է եղել, բացառությամբ' մի քանի հոգու»:

 

Ինչ վերաբերում է ՀՀ երկրորդ Նախագահի ասածի բովանդակային կողմին, ապա քաղտեխնոլոգն ասաց, որ երեք նախագահների ասածներից և ոչ մեկին չի անդրադառնում: