Ինչպես հաղորդում է itarr-tass-ը, Կորեական թերակղզում ռազմական հակամարտությունը կարող է դառնալ միջուկային աղետի պատճառ, այս մասին հայտարարել է ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ինն' իր կես ժամանոց ամանորյա ուղերձի ժամանակ, որը հեռարձակվել է երկրի պետական հեռուստատեսության առաջին հեռուստաալիքով:

 

«Մենք հիմա գտնվում ենք այնպիսի իրավիճակում, երբ նույնիսկ փոքր զինված միջադեպը կարող է հանգեցնել պատերազմի: Եթե Կորեական թերակղզում պատերազմ սկսվի, ապա դա կլինի իսկական միջուկային աղետ», - ասել է Կիմ Չեն Ինը:

 

Միևնույն ժամանակ ԿԺԴՀ-ի առաջնորդը իր պատրաստակամությունն է հայտնել բարելավելու հարաբերությունները Հարավային Կորեայի հետ, եթե հարկե Սեուլը որոշակի քայլեր ձեռնարկի:

 

Կիմ Չեն Ինը նաև առաջին անգամ հրապարակավ անդրադարձել է Չան Սոն Թհեքի մահապատժին, ով պաշտոնանկ էր արվել դեկտեմբերի սկզբին, պետական իշխանության տապալման փորձ կատարելու մեղադրանքով:

 

«Մեր կուսակցությունը նման քայլերի է գնացել, ազատվելու համար իր շարքերում գտնվող ավելորդություններից»,- նշել է Հյուսիսային Կորեայի առաջնորդը:

 

Հիշեցնենք, որ Կիմ Չեն Ինը ԿԺԴՀ-ի ղեկավարի պաշտոնին է 2011 թվականից: Ի տարբերություն Հյուսիսային Կորեայի առաջնորդի հոր, ով շնորհավորում էր քաղաքացիներին տպագիր լրատվամիջոցներով, Կիմ Չեն Ինիը հեռուստատեսությամբ իր ամանորյա ուղերձն է ուղղում արդեն երկրորդ տարին անընդմեջ: