Խուլիգանության մեղադրանքով ամիսներ շարունակ անազատության մեջ գտնվող ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի որդին՝ Նորիկ Ավետիսյանը, հիշում է, որ վերջին Նոր տարին, որն առանց հայրիկի են տոնել, եղել է 1993-ին: «Մեզ համար մեծ դժվարություն է, որ մեր հայրը մեր կողքին չէ, առաջին անգամ առանց նրա Նոր տարի ենք նշում մեր տանը, վերջին անգամ առանց նրա Նոր տարին նշել ենք պատերազմի տարիներին՝ 1993 թիվն էր»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:

 

Չնայած ինքն այդ ժամանակ փոքր է եղել և չի հիշում, թե ինչպես էին անցնում տոներն այդ տարիներին, բայց մայրը պատմել է. «Ամիսներով պապան տուն չէր գալիս»:

 

Ազատամարտիկի բազմանդամ ընտանիքը՝ վեց երեխա, երկու հարս, կին, մայր, այսօր կենցաղային ծախսերը, ինչպես Նորիկն ասաց, մի կերպ են հոգում' թոշակով, աշխատանք էլ չունեն: Բայց ինչպես իր, այնպես էլ ողջ ընտանիքի ամանորյա միակ ցանկությունը Վոլոդյա Ավետիսյանին ազատության մեջ տեսնելն է: «Նոր տարվա միակ ցանկությունս էն է, որ հայրս ազատ արձակվի, ես ուրիշ ցանկություն չունեմ»,- ասաց տղան՝ համոզմունք հայտնելով, որ իր հորը, միանշանակ, քաղաքական հայացքների համար են բանտարկել:

 

Իսկ ազատամարտիկին ազատ արձակելու հարցում ինչ հույսեր ունեն Նորիկը նախընտրեց չպատասխանել՝ ամեն ինչ թողնելով ժամանակի ընթացքին: Միայն մի բան հստակ նշեց. «Դժվար էս տարի (նկատի ունի 2013-ին) հորս ազատեն, չենք հավատում, որ էս իշխանությունները նրան բաց կթողնեն»:

 

Իրենց հետագա քայլերի մասին էլ նա ասաց, որ ժամանակը ցույց կտա, թե ինչ կանեն առաջիկայում «Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» նախաձեռնության հետ կորոշեն հետագա անելիքները և կանցնեն գործի. «Հիմա կոնկրետ բան չեմ կարող ասել, սպասեք և կտեսնեք: Մենք էլ սպասում ենք, որ շուտով նա կգա տուն»: