Ազտամարտիկ Խաչատուր Խաչատրյանը, ով մի խումբ ազատամարտիկների հետ ամիսներ շարունակ Երևանի Ազատության հրապարակում երկրում իշխանափոխություն անելու պահանջով հանրահավաքներ էր անցկացնում, Tert.am-ի հետ զրույցում խոստացավ, որ իրենք երկրում իրավիճակ փոխելու հարցը հաջորդ տարի չեն տանի:

 

«Իմ երկրում իրավիճակ փոխելու հարցը չեի ցանկանա հաջորդ տարի տանել: Ես կուզեի դա օր առաջ տեսնել, մեզ ուրիշ բան պետք չէ, միայն մեր երկիրը տեսնել զարգացած և կայուն վիճակում»- ասաց նա:

 

Ազատամարտիկի ներկայացմամբ՝ 2013թ.-ը բավական լի էր իրադարձություններով իրենց համար: «Մենք մայիս ամսից ձայն ենք բարձրացրել իշխանությունների մոտ, որ մենք անտեսված ենք, տեսանք որ մեր իշխանություններն ուղղակի չեն ուզում հանրապետությունում լինի կայուն զարգացման իրավիճակ, բայց այդ ռեսուրսները կան: Չցանկացան ազատամարտիկներիս ընդառաջալել, և մենք դրա ետևում տեսել ենք քաղաքական պատկեր»,-ասաց նա:

 

«Երբ երիտասարդը տեսնում է իր երկրի ազատամարտիկին չքավոր վիճակում, չի էլ ուզում հայրենիքի համար գնալ և մի բան անել: Մեզ համար գլխավոր ցավը դա էր, մենք ավելի վատ տարիներ էլ ենք տեսել, բայց այսօր արդեն անհնար է այդքան տանելը»,- հավելեց նա:

 

Նրա խոսքով՝ ազատամարտիկները տեսան, որ քաղաքական ուժերը չեն ցականում համախմբվել, չեն կարողանում իշխանություններին կա´մ պարտադրել աշխատել, կա´մ հրաժարվել իշխանություններից, փորձեցին իրենք դա անել, և բավական հուսադրող վիճակ է այժմ:

 

«Մենք երկու ամիս ժամանակ ենք տվել իշխանությանը, մենք ներկայացրել ենք մեր պահանջները, և փետրվարին մենք կփորձենք մեր երկիրն ազատագրել: Իշխանությունները դարձել են իրենց հանցանքների գերին, նյութապաշտության գերին, և եթե ցանկանան էլ, չեն կարող ոչինչ անել: Հայ-ռուսական գազային համաձայնագիրը մեզ վկա: Մենք մեր խոսքի տերն ենք, փետրվարին կդնենք իշխանություններին ճանապարհ դնելու հարցը»,- ասաց նա:

 

Ազատամարտիկը նաև ընդգծեց, որ իր միակ դրական ակնկալիքն այն է, որ այսօր բավական արագ տեմպերով զարգանում է քաղաքացիական հասարակությունը, որը դառնում է այդ ամբողջ իրադարձությունների լոկոմոտիվը:

 

Ըստ Խաչատուր Խաչատրյանի՝ իշխանությունները փաստացի միշտ ղեկավարվել են դրսից, և երկրում չի եղել որևէ զարգացում. «Այսօր, փառք Աստծո, ունենք լավ երիտասարդներ, մեր մտավորականները մեր կողքին են, և հույսեր կան, որ մենք երկիրը կփրկենք»:

 

Անդրադառնալով ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի ձերբակալությանը՝ նա նկատեց, որ Վոլոդյան լավագույններից մեկն է եղել և կա, իսկական հայի զավակ է: Սակայն իր պահանջով անմիջապես հարված էր հասցնում իշխանությունների թալանին, դրա համար նրա հետ հաշվեհարդար տեսան: