ԼՂՀ ԱԺ պատգամավոր, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի նկատմամբ սպանության փորձի դեպքով Արա Ռաֆայելի Ավետյանին և Սերգեյ Բորիսի Հարությունյանին 2014թ. հունվարի 08-ին մեղադրանք է առաջադրվել ԼՂՀ քրեական օրենսգրքի 33-րդ, 103-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերով' մի խումբ անձանց կողմից շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ կատարելու համար։
Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ ԼՂՀ գլխավոր դատախազությունից։
Հիշեցնենք, որ 2013 թվականի դեկտեմբերի 29-ին' ժամը 21.10-ին, Վիտալի Միքայելի Բալասանյանը բանավոր հաղորդում է տվել, որ իրեն պատկանող ավտոմեքենայից պայթուցիկ սարքի նմանվող մեխանիզմ է ընկել:
ԼՂՀ ոստիկանության ՔՎ ՔԲ ՀԿԳ ավագ քննիչ, ոստիկանության կապիտան Ն.Մ. Գրիգորյանի գլխավորությամբ դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ 2013 թվականի դեկտեմբերի 29-ին, ժամը 18.00-ից մինչև 21.00-ն ընկած ժամանակահատվածում, Վիտալի Միքայելի Բալասանյանին դիտավորությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կյանքից զրկելու նպատակով, անհայտ անձն ապօրինաբար պահվող 600 գրամ տրոտիլային էկվիվալենտով պատրաստված ինքնաշեն պայթուցիկ սարք է տեղադրել վերջինիս անձնական օգտագործման «Նիսան Պատֆայնդեր» 45 SL 045 պետհամարանիշի ավտոմեքենայի վրա, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով:
Փաստի առթիվ ԼՂՀ ոստիկանության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ' ԼՂՀ քր. օր-ի 33/103 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (Շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ) և ԼՂՀ քր. օր-ի 245-րդ հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով զենք, զինամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):
ԼՂՀ իրավապահ մարմինների և ՀՀ ոստիկանության ու Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից կատարված համատեղ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Միխայիլի Բալասանյանի հանդեպ մահափորձ կատարելու փաստով ի հայտ են բերվել գործով կասկածյալներ, Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ' 1974թ. ծնված Արա Ռաֆայելի Ավետյանը և 1979թ. ծնված Սերգեյ Բորիսի Հարությունյանը, ովքեր Վիտալի Միխայիլի Բալասանյանի հետ գտնվում էին շարունակական վիճաբանությունների և անբարյացակամ հարաբերությունների մեջ' վերջինիս կողմից Արա Ավետյանի եղբոր' Սամվել Ավետյանին, ազատազրկման ձևով պատժի հետագա կրումից ազատելու խոստումը չկատարելու պատճառով: