Պատկերացրեք. դեկտեմբերի վերջին գնում եք քաղաքապետարան, մուծում ձեր մեքենայի անցնող տարվագույքահարկն ու ուղևորվում բանկ՝ գալիք տարվա տեխզննման կտրոնի հետևից: Հանկարծ պարզվում է, որ բանկում հասկանալի պատճառներով արդեն վերջացել են կտրոնները, բայց անհասկանալի պատճառներով մինչև տարեվերջ էլ չեն ստանալու. ու այդպես բոլոր բանկերում, որոնք դրանք տրամադրում են: Այդպիսով բանկում ձեզ հորդորում են տեխզննման կտրոնի հետևից մոտենալ հաջորդ տարի, ինչից հետո առանց մտածելու, որ կարող են այլ խնդիրներ ծագել, գնում եք տուն ու վերադառնում հունվարի 8-ին՝ առաջին աշխատանքային օրը: Գալիս եք քաղաքապետարանում արդեն վճարված գույքահարկի կտրոնով, ու այստեղ ձեզ հանկարծակիի են բերում՝ ասելով, թե 2014-ի համար կտրոններ էլ չեն տրամադրում, քանի որ տարին արդեն փոխվել է, ու անհրաժեշտ է կրկին վերադառնալ քաղաքապետարան, զրոյացնել (վճարել) ընթացիկ տարվա հարկն ու արդեն երկու կտրոնով (նախորդ ու այս տարվա) նորից վերադառնալ 2015-ի կտրոնի հետևից: Պատկերացրի՞ք: Ուրեմն այսուհետ դուք էլ, եթե մինչև այս տեղյակ չէիք, կիմանաք, որովհետև, պարզվում է, կարգն այդպես է:
Իմիջիայլոց, բախտներդ կբերի, եթե ձեր մեքենայի գույքահարկը կազմի… լավ, մինչև 100 հազար դրամ, որը, միևնույն է, դժվար նախատեսած լինեիք, այն էլ Ամանորից հետո: Իսկ նրանք, ում մեքենայի հարկը 200 հազար դրամից ավելի է (իսկ նման մեքենաները Հայաստանում քիչ չեն), ինչ արած… ցավում ենք, բայց պիտի վճարեն, հակառակ դեպքում ՃՈ-ն կտուգանի: Օրենք է: