Երևանի Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում այսօր տեղի ունեցավ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր, բեմադրիչ–ռեժիսոր Արմեն Մազմանյանի հոգեհանգիստը:

 

Արմեն Մազմանյանի սերնդակից, ավագ ու ավելի երիտասարդ ընկերներ, արվեստագետներ, ուսանողներ, համակուրսեցիներ, ճանաչված դերասաններ ու թատերական գործիչներ, պետական այրեր, շարքային քաղաքացիներ եկել էին վերջին հրաժեշտը տալուն «Մազին»՝ ինչպես դիմում էին նրան բոլոր ընկերները:

 

Պաշտոնատար անձանցից ներկա էին վարչապետ Տիգրան Սարգսյանը, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը, պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանը, պատգամավոր Կարինե Աճեմյանը, ԱԺ աշխատակազմից բազմաթիվ ներկայացուցիչներ:

 

Մնջախաղի թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը Tert.am-ի հետ զրույցում Արմեն Մազմանյանի մասին իր խոսքը սկսեց Ռուբեն Հախվերդյանի հայտնի երգի խոսքերով՝ «իմ ընկերները հեռանում են»:

 

Ժիրայր Դադասյանը և Արմեն Մազմանյանը ուսանել են Մարատ Մարինոսյանի կուրսում:

 

«Ես այսօր հիշեցի իր դիպլոմային աշխատանքը, որ շատ հետաքրքիր … «Պրոմեթևսն» էր արել, անտիկ դրամա է, թվում է, թե հունական, բայց ամեն ինչ էր այնպես փոխել և զարմանալի բան էր սարքել: Ու արել էր Թատերական ինստիտուտի բակում, բացօթյա էր ներկայացումը ու շատ տպավորիչ էր: Բայց ուզում եմ ուրիշ բան հիշել, բեմադրությունը դեռ չսկսած՝ մայիս ամիսն էր, սարսափելի կարկուտ եկավ, ամբողջ ապարատուրան թրջվեց, անհնար էր որևէ բան անել: Արմենը վազում էր, մաքրում էինք, որ հնարավոր լիներ նորից պատրաստել, որ ներկայացումը կայանա, ու Արմենը ասաց՝ «գիտես չէ՞, ամբողջ կյանքում սենց է լինելու»,- պատմեց Ժիրայր Դադասյանը:

 

Նա միշտ Արմեն Մազմանյանին հիշեցրել է այս «կարկուտը», ու վերջին անգամ՝ քրիստոնեության ընդունման 1700–ամյակի կապակցությամբ համատեղ բեմադրված ներկայացմանը, երբ կարկուտի փոխարեն եղել է մառախուղ:

 

«Կարծես իր ողջ կյանքում հաղթահարում էր, հաղթահարում էր, բնության տարերքներն էլ էր հաղթահարելով առաջ գնում: Ու ինձ թվում է՝ իր կյանքը սկզբից մինչև վերջ պայքար էր»,- ամփոփեց Ժիրայր Դադասյանը, ով ասաց, որ կուզենար իր ընկերն արդեն հանդարտվի ու խաղաղվի ու հույս ունի, որ այդպես էլ կլինի:

 

Դերասան Տիգրան Ներսիսյանն էլ ասաց, որ կան ստեղծագործ ու բոհեմական կյանքեր, որոնք բերում են միմիայն հրճվանք:

 

«Այսօր մենք պետք է հիշենք՝ ինչ է թողել, ինքը թողել է մեզ համար թատրոն, ստեղծագործական և մի բանակ՝ ուսանողների, աշակերտների, իր աշակերտների, որոնք այսօր հպարտորեն կարող են ասել, որ իրենք Մազմանյանի՝ «Մազի աշակերտներն ենք եղել»: Այսօր մենք մեր ընկերոջն ենք կորցրել, հայ մարդուն, որի հետ ապրել ենք, որի հետ հրաշալի օրեր ենք անցկացրել: Հավե՛րժ հիշատակ, թող հողը թեթև լինի»,- ասաց Տիգրան Ներսիսյանը: