Mediamall.am-ն առանձնացրել է այսօրվա կարևորագույն նորությունները.
Նոր մանրամասներ՝ Հենրիկ Նավասարդյանի որդու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպից
Հունվարի 11-ին, ժամը 14.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ Գնունի շուկայի դիմաց վիճաբանություն է, «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը գլուխը բռնած նստեց մեքենա և գնաց:
Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողների և Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, Բաբայան փողոցից, մարմնական վնասվածք հասցնելու կասկածանքով, բերման են ենթարկվել 1986 թ. ծնված Դավիթ Ն.-ն և նրան պատկանող «Պորշ Կայեն» մակնիշի ավտոմեքենան, ինչպես և ավտոմեքենայի ուղևորներ' 1985 թ. ծնված Ա. Թ.-ն, 1985 թ. ծնված Ա. Ն.-ն և 1985 թ. ծնված Դ. Ա.-ն:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 14.30-ի սահմաններում, Վարդանանց փողոցի թիվ 78 հասցեում գտնվող տոնավաճառում Դավիթ Ն.-ն վիճաբանության մեջ է մտել 1991 թ. ծնված Անդրանիկ Ս.-ի հետ, որի ընթացքում վերջինս ձեռքերով հարվածներ է հասցրել Դավիթ Ն.-ին և պատճառել վնասվածքներ:
Դ. Ն.-ին պատկանող «Պորշ Կայեն» մակնիշի ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվել և առգրավվել է դանակ' ընդհանուր 20 սմ երկարությամբ, շեղբը' 9 սմ, բռնակը' 10 սմ և կաթուցիչ, որի մեջ առկա է 0,01 գ կշռով դեղնականաչավուն կանեփանման զանգված:
Նույն օրը, ժամը 19.30-ին, Անդրանիկ Ս.-ն ներկայացել է ոստիկանության Մարաշի բաժանմունք և տվել խոստովանական բացատրություն:
Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ:
Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն:
Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, միջադեպի մասնակիցներից մեկը եղել է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի որդին։
***
Մահվանից առաջ Կալաշնիկովը զղջացող նամակ է գրել
Ինչպես տեղեկացնում է BBC-ն, Միխայիլ Կալաշնիկովը զղջացող նամակ է գրել Պատրիարք Կիրիլին: Այս մասին հայտնում է ռուսական «Իզվեստիա» թերթը, որը գտնվում է Կրեմլի վերահսկողության ներքո:
«Իմ կսկիծն անասելի է, ինձ միշտ տանջում է միևնույն հարցը. իմ հրացանը զրկել է հազարավոր մարդկային կյանք, հետևաբար ես՝ Միխայել Կալաշնիկովս, իննսուներեք տարեկան, քրիստոնյայի որդի, մարդ, ով հավատում է Աստծուն, մեղավոր է բազմաթիվ սպանությունների մեջ: Այո՛, մեղավոր եմ թեկուզ և թշնամի սպանելու համար»,-նամակից մի հատված մեջբերում է «Իզվեստիան»:
Առաջին ավտոմատը Կալաշնիկովը ստեղծել է 1942 թվականին՝ Երկրորդ Համաշխարհային պատերազմի ընթացքում:
2009 թվականին Կալաշնիկովը CNN-ի հետ ունեցած հարցազրույցում ասել էր, որ «AK-47» ավտոմատն ունի երկու կարևոր որակ՝ պարզ և վստահելի: «Ոչ բոլոր զինվորներն ունեն բարձրագույն կրթություն, այդ պատճառով էլ նրանց անհրաժեշտ է պարզ և վստահելի զենք»,- ասել է Կալաշնիկովը:
Հիշեցնենք, որ Կալաշնիկովը մահացել էր դեկտեմբերի 23-ին, կյանքի 95-րդ տարում, ծանր հիվանդությունից:
***
Ավելի հեշտ կլիներ, որ կառավարությունը ներողություն խնդրեր. Ռոբերտ Քոչարյանի նոր հարցազրույցը
Ամանորից առաջ մի քանի հարց էինք ուղղել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, և իր գրասենյակի միջոցով ստացել այդ հարցերից մեկի պատասխանը, ինչպես նաև խոստում, որ մյուս հարցերի պատասխաններն էլ կլինեն: Նկատի ունենալով, որ դեկտեմբերի 30 հարցազրույցը դարցավ բուռն քննարկումների առարկա, ինչպես նաև այն, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երկու անգամ անդրադարձավ երկրորդ նախագահի այդ հարցազրույցին, մենք նաև համապատասխան հարց հավելեցինք: Այսօր ստացել ենք խոստացված պատասխանները, որի համար շնորհակալություն ենք հայտնում ինչպես ՀՀ երկրորդ նախագահին, այնպես էլ նրա գրասենյակին:
- Պարոն նախագահ, ինչպիսի˚ կարծիք ունեք 2013-ի դեկտեմբերին «Գազպրոմ»-ի հետ ստորագրված և քաղաքական դաշտում ու մամուլում այդքան աղմուկ հանած գազային համաձայնագրի մասին:
Գազային համաձայնագրի հետ կապված բոլոր հարցերը ես կբաժանեմ երեք մասի:
-Գազի իրական գնի թաքուն պահելը և դրա հետևանքով 300 միլիոն դոլարի պարտքի կուտակումը:
-Հայռուսգազարդի հայկական 20 տոկոսանոց փայաբաժնի բուն վաճառքը:
-Համաձայնագրով մինչև 2043 թվականը հաստատված մենաշնորհի բացառիկ պայմանները:
Մանրամասն՝ այստեղ:
***
Ոտքս սայթաքել է, ընկել եմ. Ռուբեն Մասումյանը' ծեծի մասին
Գործարար Ռուբեն Մասումյանը (մականունը՝ Բենզին Ռուբո) Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իրեն մարմնական վնասվածք հասցնելու վերաբերյալ մամուլում շրջանառվող լուրերը սուտ են:
«Ես արդեն չեմ էլ ուզում հերքեմ, դա սուտ ինֆորմացիա է, ոտքս սայթաքել է, ընկել եմ, չգիտեմ' ինչեր են գրում»,-ասաց նա:
Նա նշեց, որ այժմ իրեն լավ է զգում:
Ավելի վաղ ՀՀ ոստիկանությունից Aysor.am-ի թղթակցին հայտել էին, որ Ռ. Մասումյանին մարմնական վնասվածք հասցնելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին կետի (Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որևէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ, ինչպես նաև կյանքի համար վտանգավոր այլ վնաս է պատճառել առողջությանը կամ առաջացրել է դրա քայքայում՝ զուգորդված ընդհանուր աշխատունակության ոչ պակաս, քան մեկ երրորդի կայուն կորստով կամ հանցավորի համար ակնհայտ մասնագիտական աշխատունակության լրիվ կորստով կամ առաջացրել է հղիության ընդհատում, հոգեկան հիվանդություն, թմրամոլությամբ կամ թունամոլությամբ հիվանդացում՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով) հատկանիշներով:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքնննություն, ձերբակալվածներ չկան:
Ինչպես Aysor.am-ի թղթակցին հայտնեց Էրեբունի ԲԿ լրատվական բաժնի պետ Շուշան Հունանյանը, Ռ. Մասումյանը այժմ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, ստացել է գանգուղեղային վնասվածքներ, գիտակցությունը տեղն է, և նկատվում է դրական դինամիկա, սակայն հայտնի չէ, թե երբ նա կտեղափոխվի հիվանդասենյակ կամ դուրս կգրվի:
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Ռ. Մասումյանը արտասահմանից հյուրեր է ունեցել և գնումներ կատարելու նպատակով այցելել է Գումի շուկա, այդ ժամանակ էլ անհայտ անձը թիկունքից քարով հարվածել է նրա գլխին ու դիմել փախուստի: Նշված հատվածում կան տեսախցիկներ և ոստիկանությունը առգրավել է տեսախցիկները և ձայնագրություները վերծանման ենթարկելուց հետո հնարավոր է պարզվի գործարարին հարվածած անձի ինքնությունը:
***
Պատգամավոր Հրանտ Գրիգորյանի բարեկամը սրբապղծության հեղինակ. քանդել է եզդիական գերեզմանատունը' այգի կառուցելու նպատակով
Ինչպես այսօր տեղեկացանք, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մյասնիկյան համայնքի եզդիական հին գերեզմանատունը քանդվել էˋ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Գրիգորյանի մերձավոր բարեկամ Սերյոժա Գրիգորյանի թեթև ձեռքով: Գերեզմանատունը քանդվել է, որպեսզի այդ տարածքում գինու գործարանի համար անհրաժեշտ այգի կառուցվի: Եթե այս տեղեկատվությունը վերաբերվեր Արդբեջանի Հանրապետությանը, ապա մեզ համար դա հասկանալի կլիներ և զարմանքն ու բարկությունը այդքան մեծ չէր լինի: Եզդիների հին գերեզմանատան հետ կատարվել է մի բան, որը բացի սրբապղծություն որակելուց դժվար է այլ բան որակել, քանզի ուրիշի հանգուցյալների հիշատակը չհարգողը չի կարող սեփական հանգուցյալներին հարգել:
Գործարար Սերյոժա Գրիգորյանը իր այս քայլով վիրավորում է մի ողջ ժողովրդի և խաղում է Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակության հետ: Տարիներ առաջ մենք ականատես եղանք, թե ինչպես է Ադրբեջանի պետական քաղաքականության արդյունքում քանդվում Նախիջևանի հին հայկական գերեզմանատունը, որը և սրբություն էր մեզ համար և մշակութային արժեք ամբողջ աշխարհի համար: Սերյոժա Գրիգորյանի արածը հանցագործություն կլինի համարել ՀՀ պետական քաղաքականություն, սակայն այն որ մի գործարար իր կատարած քայլով վնասում է մի ամբողջ պետության հեղինակություն և վիրավորում այդ պետության հազարավոր քաղաքացիների կարծում ենք հերքել անիմաստ է:
Այս կապակցությամբ անհապաղ հրավիրում ենք ՀՀ պետական պատկան մարմինների ուշադրությունը կատարված հանցագործության վրա և պահանջում ենք ,որպեսզի տվյալ անձը վերականգնի եզդի ազգին հասցված վնասը, ինչպես նաև պատասխանատվություն կրի օրենքի առաջˋ սրբապիղծ գործունեության համար:
Լիահույս ենք, որ Հայաստանի Հանրապետությունը թույլ չի տալու նման մարդկանց արատավորելու երկրի համբավը: «Սինջար եզդիների ազգային միավորումը» հետամուտ է լինելու այս խնդրին, ինչպես նաև մեր ներկայացուցիչները կլինեն նշված համայնքում և կարձանագրեն տեղի ունեցածը:
«Սինջար եզդիների ազգային միավորում» հ/կ խորհուրդ
***
Մեկ շաբաթ առաջ բանակ զորակոչված զինվորին ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են հոսպիտալ
Այս գիշեր ԼՂՀ Քարվաճառի տարածքում գտնվող Չոփռլուի զորամասից ծայրահեղ ծանր վիճակով, գրեթե անգիտակից, Երևանի Մուրացան փողոցի վրա գտնվող զինվորական հոսպիտալ է տեղափոխվել Երևանի բնակիչ, 18-ամյա Մհեր Խլղաթյանն, ով մեկ շաբաթ առաջ էր զորակոչվել։ Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը։
Հոսպիտալի մոտ հավաքված Մհերի մտերիմներն ու ընկերները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին հայտնել են, որ նա զորամասում դաժան ծեծի է ենթարկվել և մարմնի վրա կան բազմաթիվ հետքեր ու զորամասում, իմանալով, որ տղայի վիճակը դառնում է օրհասական, համաձայնվում են նրան տեղափոխել Երևան:
Մանրամասները՝ այստեղ:
***
Պայմանագրային զինծառայողը Տավուշ գյուղում խեղդելով սպանել է 26-ամյա կնոջը
Այսօր՝ հունվարի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ինչպես հայտնում է shamshyan.com–ը՝ ժամը 13:00-ից 14:00-ի սահմաններում մեղայականով ՀՀ ՊՆ Տավուշի մարզի ռազմական ոստիկանություն է ներկայացել Տավուշի մարզի Տավուշ գյուղի բնակիչ 28-ամյա Հովսեփ Իսրայելյանը և հայտնել, որ գյուղի իրենց տանը սպանել է իր կնոջը:
Հ. Իսրայելյանի տուն են մեկնել զինվորական ոստիկանության և կայազորի դատախազության ծառայողները, ովքեր նրա տանը հայտնաբերել են 26-ամյա Հասմիկ Զաքինյանի դին:
Մանրամասն՝ սկզնաղբյուր կայքում։
***
Ոստիկանության 6-րդ վարչությունը լցվել է Վարդան Ղուկասյանի առանձնատուն
Ոստիկանությանը մոտ կանգնած աղբյուրները հենց նոր Aravot.am-ին փոխանցեցին, որ ոստիկանության հանցագործության դեմ պայքարի 6-րդ վարչության աշխատակիցները այս պահին խուզարկում են Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի առանձնատունը:Մեծ թվով ոստիկաններ լցվել են Սլաբոդկա թաղամաս, որտեղ ապրում է նախկին քաղաքապետը: Վերջիններս մոտ կես ժամ է այնտեղ մանրակրկիտ խուզարկում են անցկացնում:
***
Զինծառայողին ծեծի ենթարկելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ
Նորակոչիկ Մհեր Խլղաթյանին ծեծի ենթարկելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ' ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով՝ անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, եթե անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ և 358.1 2-րդ մասով' զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասի նկատմամբ բռնություն գործադրելը:
Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցին տեղեկացրեց ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը: Նշենք, որ նորակոչիկ Մհեր Արմենի Խլղաթյանը այսօր գիշեր՝ ժամը 02:10-ի սահմաններում, ՀՀ ՊՆ Վարդենիսի զինհոսպիտալից երկկողմանի թոքաբորբ ախտորոշմամբ, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Նշանակվել է դաբժշկական փորձաքննություն, կատարվում է նախաքննություն:
***
Եթե մեր տունը խուզարկեն, ուրեմն իրանց կնգրտանց տունը ավելի շուտ պիտի խուզարկեն. Վարդան Ղուկասյան
Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հերքում է ոստիկանների կողմից իր առանձնատունը խուզարկելու մասին տեղեկատվությունը:
«Եթե մեր տունը խուզարկեն, ուրեմն իրանց կնգրտանց տունը ավելի շուտ պիտի խուզարկեն, ուրեմն էս երկիրը ապրելու տեղ չի: Վաբշե ստեղ բանդիտիզմ է, եթե տենց բան անեն հիմա»,- Tert. am –ին ասաց Վարդան Ղուկասյանը:
Ավելի ուշ նա ավելացրեց.«Ով որ մեր տունը խուզարկի, դա մեր սպանողներն են»:
Հիշեցնենք, որ Aravot.am-ին ոստիկանությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցել էին, որ «6»-րդ վարչության աշխատակիցները խուզարկում են Վարդան Ղուկասյանի տունը, ինչը, սակայն, հերքել էին ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից: