«Հասարակություն առանց բռնության» հասարակական կազմակերպության կողմից ստեղծված Արագ Արձագանքման Խմբի շրջանակներում ձեզ ենք ներկայացնում մի դեպք, որն ի ուրախություն դրական ավարտ ունեցավ: Արագ Արձագանքման Խմբի առաքելությունն է վեր հանել հասարակությունում ընտանեկան բռնության դեպքերը, հրապարակային հնչեղություն տալ դրանց և հետամուտ լինել դեպքերի թափանցիկ և արդար քննությանը»:

 

1 տարուց ավելի է, ինչ փոքրիկ Մարիամիկի ծնողները պայքարում են, թե երեխան ծնողներից որ մեկի հետ պետք է ապրի: 1-ամյա Մարիամիկի ծնվելուց հետո, նրա մոր' Մելինե Գրիգորյանի մոտ հետծննդյան փսիխոզ է առաջացել, նա որոշ ժամանակ բուժում է ստացել Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերում, այդ ընթացքում նրա նորածին դստեր խնամքը «հանձնել էին» ամուսնու' Սարգիս Ղոնյանի ընտանիքին: Հետծննդյան փսիխոզը Գեղանուշ գյուղում բնակվող ամուսինների բաժանման պատճառ դարձավ. Սարգիսը, ինչպես մեզ հետ զրույցում պատմեց Մելինեն, իրեն չէր այցելում, չէր հետաքրքրվում կնոջ առողջության մասին: Մելինեի տառապանքներին գումարվել էր եւս մեկը' «զրկվել էր» դստեր հետ ապրելու հնարավորությունից. շաբաթվա մեջ 1-2 անգամ այցելում էր ամուսնու բնակարան ու մի քանի ժամով շփվում երեխայի հետ: Կազդուրվելուց հետո էլ ամուսինը չէր ցանկանում Մարիամիկին տալ մոր խնամքին, պատճառաբանելով, որ թե կինն ի վիճակի չէ երեխային «տիրություն» անել: Իսկ փոքրիկ Մարիամիկը, ինչպես Մելինեն պատմեց, մոր հետ տեսակցելուց, զբոսնելուց ու շփվելուց հետո, ամեն անգամ մորը հրաժեշտ տալիս' ժամերով լաց էր լինում. «Փեշիցս չէր պոկվում, ինձ բաց չէր թողնում»:

 

Մելինե Գրիգորյանը շատ բան չգիտեր իր հիվանդության մասին, եւ կարծում էր, թե լուրջ խնդիր է, մտածում էր' կբուժվի-չի բուժվի. մտքովը չէր անցնում դիմել գոնե հոգեբանի օգնությանը: Մոր եւ 1-ամյա դստեր այս տանջանքները ձգձգվեցին մեկ տարուց ավելի: Մելինե Գրիգորյանը դիմել էր դատարան' պահանջելով երախայի խնամքն իրեն հանձնել:

 

Տեղեկանալով մոր եւ երեխայի բաժանման մասին՝ «Հասարակություն առանց բռնության» հասարակական կազմակերպության Արագ Արձանգանքման Խմբի անդամները որոշեցին աջակցել Մելինե Գրիգորյանին: Մելինեի մոր' տիկին Մելանիայի ներկայացմամբ' ՀԿ-ի անդամները ներկա են եղել դատական նիստին, առաջարկել են հոգեբանի օգնություն. «Դա իսկապես շատ մեծ օգնություն էր, հոգեբանը եկավ մեզ մոտ, զրուցեց Մելինեի հետ իմացանք, որ դա ծանր հիվանդություն չէ, բուժվում է, եւ Մելինեն միակը չէ, որ նման խնդիր է ունեցել»: Սկզբանական շրջանում Մելինեն շատ լարված էր, հոգեբանական ծանր վիճակում, թեեւ մարզի բժշիկներն աշխատում էին նրա հետ, սակայն երախայից բաժանված լինելն ավելի էր խորացնում ծանր ապրումները: Իսկ հոգեբանի եւ Արագ Արձագանքման Խմբի' պարբերաբար Մելինեի հետ աշխատելու եւ անընդհատ աջակցություն ցուցաբերելու արդյունքում Մելինեյի հոգեկան վիճակը բարելավվեց, եւ երիտասարդ ու անփորձ մայրը հանգիստ հոգեվիճակով, ինքնավստահ սկսեց պայքարել իր երեխայի համար:

 

Մենք' Հասարակություն Առանց Բռնության ՀԿ-ի Արագ Արձագանքման Խումբը, 26.09.2013 թվականի' «Մեկ տարեկան Մարիամիկը օրերով մորը չի տեսնում» հրապարակումով անդրադարձել ենք այս խնդրին: Դեռ նախորդ տարի էր դատարանը դատահոգեբանական եւ դատահոգեբուժական փորձաքննություններ նշանակել, որից հետո դատական գործընթացը պետք է վերսկսվեր ու վերջնական վճիռ կայացվեր: Նախորդ տարվա հոկտեմբերի 9-ին վերջապես փորձաքննություններն իրականացվեցին, բայց մինչ եզրակացությունը տրվեր եւ դրա հիման վրա դատարանը որոշում կայացներ, Մելինեին տանջանքներն ու սպասումները բազմապատկվել էին. եւ միայն հույսը, որ դստեր հետ ապրելու հնարավորություն կունենա, մի քիչ մեղմացնում էին մոր վիճակը: Դժվար է ասել, թե է’լ որքան կձգձգվեր Մելինեի սպասումները եւ որքան կտեւեր դատահոգեբանական եւ դատահոգեբուժական փորձաքննությունների ընթացքն ու դատարանի որոշումը, եթե «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ն հետեւողական չլիներ եւ իր ուշադրության կենտրոնում չպահեր խնդիրը: ՀԿ-ի ներկայացուցչ Լիդա Մինասյանի խոսքերով' «Մենք պարբերաբար հետաքրքրվում էինք փորձաքննության ու դատական գործընթացի մասին, մշտապես կապ էինք պահպանում Մելինեի հետ, խորհուրդներ տալիս, հետեւում նրա առողջական վիճակին, քաջալերում էինք, որ հույսը չկտրի ու թեւաթափ չլինի»:

 

Եւ վերջապես, Մելինեի անտանելի սպասումներն ու ՀԿ-ի հետեւողականությունը հանգեցրեց նրան, որ դատարանը արդար որոշում կայացրեց. Մաիրամիկն այսօր մոր խնամքի տակ է:

 

Նախորդ տարվա դեկտեմբերի 27-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց, թե որտեղ պետք է բնակվի փոքրիկ Մարիամիկը. ըստ դատավճռի' Մարիամ Սարգիսի Ղոնյանի բնակության վայրը որոշել մոր' Մելինե Գրիգորյանի բնակության վայրում:

 

Հիմա Մելինե Գրիգորյանն, ինչպես մեզ հետ զրույցում ասաց' ամենաերջանիկ մայրն է. աշխատելու մտադրություն չունի. «Հլը կարոտս առնեմ երեխայիցս, չեմ ուզում մի վայրկյան բաժանվեմ իրանից»:

 

Վերջերս էլ Մարիամիկի հայրը' Սարգիս Ղոնյանը այցելել էր դստերը: Մելինեյի մոր' տիկին Մելանիայի պատմելով' «Եկել էր ասում էր երեխուն տվեք տանեմ մի քիչ պահեմ, բայց չտվեցինք, հազիվ ենք տուն բերել: Ասեցի' մեր բարեկամներնն ամեն օր գալիս են երեխային տեսնելու, թող մի որոշ ժամանակ անցնի, կգաս կտեսնես, կտանես: Մի քիչ ջղայնացավ, բայց հետո ոնց որ թե հասկացավ»:

 

Երախայից նորից բաժանվելու վտանգ Մելինեն չի զգում, կարծում է, որ ամուսինը դժվար թե դիմի Վերաքննիչ դատարան' բողոքարկելու: Իսկ ներկայումս ամուսնալուծության հայցն է դատարանում, որի վճռից հետո էլ վերջնական պարզ կլինի, թե հայրը ինչ պայմաններով կկարողանա տեսակցել դստեր հետ:

 

«Հիմա ես շատ լավ եմ, լրիվ առողջ եմ ինձ զգում, մեկ-մեկ գնում եմ բժշկիս մոտ' խորհրդակցելու, իրեն տեսնելու, բայց ընդհանուր ես լավ եմ, ոնց կարամ վատ լինեմ, եթե Մարիամիկս հետս է»: