2013թ. հուլիսին Երուսաղեմի Յադ Վաշեմ թանգարան-ինստիտուտի կողմից հետմահու «Ազգերի Առաքյալ» ճանաչվեց առաջին Հայաստանի Հանրապետության քաղաքացին' Հարություն Խաչատրյանը: Փետրվարի 4-ին Երևանում կայանալու է Իսրայելյան պատվիրակության կողմից Խաչատրյանների ընտանիքին պարգևատրելու արարողությունը, որի ժամանակ հայ հերոսի ընտանիքին կտրվի «Ազգերի Առաքյալի» վկայականը:
Ռաուլ Վալլենբերգի անվան միջազգային հիմնադրամն ավելի քան 3 տարի, ի լրացում իրականացվող տասնյակ ծրագրերի, զբաղվում է նաև հայ այն հերոսների «բացահայտման» աշխատանքներով, որոնք Երկրորդ Աշխարհամարտի տարիներին ցուցաբերելով բացառիկ խիզախություն՝ փրկել են հարյուրավոր մարդկային կյանքեր, մասնավորապես' մահվան Ճիրաններում հայտնված հրեաներին:
Կազմակերպության ծավալած այս բարդ, հետազոտական աշխատանքն ի վերջո տվեց իր ցանկալի արդյունքը: Ռ. Վալլենբերգի անվան միջազգային հիմնադրամի կամավոր Արտյոմ Չերնամորյանի ջանքերով բացահայտվեց այս հայ հերոսի պատմությունն ու 2013թ.-ի սեպտեմբերի 12-ին Հայաստանի Հանրապետության նախագահական պալատում տեղի ունեցավ պաշտոնական պարգևատրման արարողությունը, որին մասնակցում էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ռաուլ Վալլենբերգի Միջազգային հիմնադրամի հիմնադիր Բարուխ Տենեմբաումը, փոխնախագահ Դանիել Ռայներն ու կամավոր Արտյոմ Չերնամորյանը, ՀՀ հավատարմագրված բազմաթիվ դեսպաններ ու Հայաստանի կառավարության անդամներ:
Հանդիսավոր արարողության ժամանակ պրն. Տենեմբաումը հետմահու «Ռաուլ Վալլենբերգի 100-ամյակի մեդալով» պարգևատրեց հայ հերոս Հարություն Խաչատրյանի թոռնուհուն՝ Աննա Խաչատրյանին, որը հիմնադրամին էր ներկայացրել ողջ ընտանեկան արխիվն ու կամավորների հետ համահավասար օգնում էր այս ողջ պատմության բացահայտմանը: Կազմակերպության հիմնադիր նախագահ պարոն Տենեմբաումը հայ հերոսների անունից հանդիսավորությամբ «Ռաուլ Վալլենբերգի 100-ամյակի մեդալով» պարգևատրեց նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:
Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ տեղի ունեցած նման մակարդակի հանդիպման ու նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ջերմ ընդունելությամբ պարտավորված, այսօր էլ հիմնադրամի հետազոտական խումբը շարունակում է յոթ տասնամյակ առաջ տեղի ունեցած հերոսական պատմությունների բացահայտման գործընթացը:
ՌՎՄՀ-ն աշխարհում ճանաչում ունեցող Հ/Կ է, որի հիմնական առաքելությունն է ուսումնասիրել, պահպանել և տարածել Ռաուլ Վալլենբերգի, նրա նման քաջարի մարդկանց ժառանգությունը, ովքեր Հրեական Ողջակիզման և տարբեր հակամարտությունների ժամանակ՝ օգնել են փրկել հետապնդվող մարդկանց: Այս առաքելությանն աջակցում են ավելի քան 300 երկրի ղեկավարներ և Նոբելյան մրցանակի դափնեկիրներ: Պատվավոր անդամներից մեկը՝ Խորխե Մարիո Բերգոլիոն է, ներկայիս Հռոմի Պապը:
Ռաուլ Վալլենբերգի անվան միջազգային հիմնադրամի նախագահ Էդուարդո Էռնեկյանն ու հիմնադիր Բարուխ Տենեմբաումը վերստին շնորհավորում են Խաչատրյանների ընտանիքին և խոստանում են անել հնարավորը՝ լույս սփռելու նոր հայ փրկիչների պատմությունների վրա: