Թուրք ազգայնամոլ Հասան Օքթայը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է տեղադրել Հայաստան այցից: Նա Երևանում լուսանկարվել է, թուրքական ահաբեկչական «Գորշ գայլեր» կազմակերպության խորհրդանիշը ցուցադրելով, և տեղադրել այն ֆեյսբուքյան իր էջում: Թուրք ազգայնամոլի ֆեյսբուքյան էջից պարզ է դառնում, որ նա Երևան է ժամանել հունվարի 20-ին: Գրում է Yerkir.am-ը:
Մեկնաբանությունների բաժնում ադրբեջանցիները թուրք բարեկամին «զգուշացնում են»' քանի որ նրա այցը համընկնում է Բաքվի ջարդերի հետ, նրան Երևանում վտանգ է սպառնում: Այնուհետև Օքթայը տեղադրել է առաջին լուսանկարը' Հանրապետության հրապարակից' ընկերոջ հետ, երկուսն էլ «Գորշ գայլեր»-ի խորհրդանիշն են ցուցադրում:
Ներկայացնում ենք թուրքերի եւ ադրբեջանցիների մեկնաբանությունները, որոնք արվել են լուսանկարի տակ. «Այո, մեր սիմվոլիկայով Երևանում ենք», «Մեր պատմական հողը»: Հակահայ մեկնաբանությունների վերջը տալիս են հայերը' գրոհի անցնելով իրենց գրառումներով:
Թուրք ազգայնամոլի հաջորդ ջերմ լուսանկարը, որքան էլ զարմանալի է, թուրքագետ Հակոբ Չաքրյանի հետ է: Պարզվում է'
նա Չաքրյանի հետ Էջմիածնում է եղել:
Հասան Օքթայը լուսանկար է տեղադրել նաև Ռիչարդ Կիրակոսյանի հետ' գրելով. «Կարճ, բայց հստակ զրույց ենք ունեցել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին»:
Օքթայը տեղադրել է նաև «Անկախ» կայքի հետ ունեցած հարցազրույցը' գրելով. «Շարունակում ենք տեղ գտել երևանյան մամուլում», ապա տեղադրել է լուսանկարներ կայքի աշխատակիցների հետ:
Թուրք ազգայնամոլի գրառումներից պարզվում է, որ կայքի աշխատողների հետ զրույցում տեղեկություններ է հավաքել Հայաստանի մամուլի մասին և վստահ է, որ շուտով Երևանում կբացվի «Անադոլու» գործակալության գրասենյակ, «քանի որ Հայաստանում այն արդեն լայն ճանաչում է ձեռք բերել»:
Ըստ Օքթայի գրառումների' ինքը Հայաստանում է եղել երկու օր, այցից բավարարված է, և այն, ինֆորմացիոն առումով, շատ օգտակար էր:
Տեսանյութը, որ ներկայացնում ենք ստորև, թուրք ազգայնամոլի հարցազրույցներից մեկն է, որում նա խտրական հայտարարություններ է անում հայերի, հույների և հրեաների մասին:
Ա. ԳԱՅՄԱԳԱՄՅԱՆ
P.S. Հետաքրքիր է, թե ինչ բացատրություն են տալու ազգայնամոլի այցի մասին ՀՀ համապատասխան մարմինները, հատկապես' ԱԱԾ-ն: