Ձևավորված ավանդույթի համաձայն' Բանակի օրվան ընդառաջ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպումներ է ունենում բարձրագույն ուսումնական հաստատություններում: ԶՈՒ կազմավորման 22-րդ տարեդարձի կապակցությամբ հունվարի 22-ին Սեյրան Օհանյանը եղել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում:

 

ՀՀ պաշտպանության նախարարին ուղեկցել են պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը, բարձրաստիճան զինվորականներ և քաղաքացիական հատուկ ծառայողներ:

 

Ողջույնի խոսքում շնոհավորելով Բանակի օրվա կապակցությամբ և շնորհակալություն հայտնելով պաշտպանության նախարարին այցելության համար, համալսարանի ռեկտոր Գայանե Գասպարյանը վստահեցրել է, որ բուհում ռազմահայրենասիրական դաստիարակությունը դրված է բարձր հիմքերի վրա:

 

Այնուհետև ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են անկախության և հայրենիքի սահմանների պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների և հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը հակառակորդի դիվերսիոն խմբի գործողությունների հետևանքով արիաբար զոհված կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի հիշատակը:

 

Իր ելույթում Սեյրան Օհանյանը կարևորել է բանակ-բուհ համագործակցությունը արատավոր երևույթների, փողոցային բարքերի դեմ պայքարի, ինչպես նաև երիտասարդության հայրենասիրական դաստիարակության ամրապնդման գործում: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ուսանողներին հակիրճ ներկայացրել է ՀՀ զինված ուժերի անցած փառավոր ուղին, կազմավորման փուլերը, առանձնահատկությունները, պաշտպանական բարեփոխումները, խոսել է առկա բացթողումների և մարտահրավերների, ինչպես նաև' ուսումնական հաստատությունների հետ համագործակցությունը խորացնելու հեռանկարների շուրջ:

 

ՀՀ պաշտպանության նախարարը նաև պատասխանել է կրթօջախի դասախոսների և ուսանողներին հուզող հարցերին:

 

Միջոցառման ավարտին ՀՀ ԶՈւ կազմավորման 22-րդ տարեդարձի կապակցությամբ, ինչպես նաև բուհում հայրենասիրական դաստիարակությունն ամուր հիմքերի վրա պահելու համար Սեյրան Օհանյանը Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Գայանե Գասպարյանին և պրոֆեսորադասախոսական կազմի մի շարք ներկայացուցիչների պարգևատրել է գերատեսչական մեդալներով: Համալսարանի մի շարք դասախոսներ ու ուսանողներ արժանացել են նաև պատվոգրերի:

 

Ուսումնական հաստատության գիտական խորհրդի որոշմամբ էլ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը պարգևատրվել է համալսարանի Ոսկե մեդալով: