Կարպ Խաչվանքյանը ծնվել է 1923 թվականի հունվարի 23-ին, Ախլցխայում, հայկական դիմագիծը, ավանդույթները պահպանած բնիկ էրզրումցի Մկրտիչ Խաչվանքյանի և կախեթցի Նինյանցի ընտանիքում:

 

Հինգ տարեկան էր Կարպը, երբ ընտանիքը տեղափոխվում է Թիֆլիս և բնակություն հաստատում Մալականսկի բազարի մոտերքում: Սովորում է տեղի ռուսական դպրոցում:

 

Թատրոնի հետ կապվում է դեռ դպրոցական տարիներից: «Հիշում եմ մեր առաջին այցը կրկես: Դա իսկական տոն էր: Մինչև հիմա աչքիս առաջ է այդ ներկայացումը, որ, կարող եմ ասել, բախտորոշ եղավ ինձ համար, լուսավորեց իմ կյանքը, իմաստ ու ձև տվեց իմ խաղերին: Դրանից հետո ես «կրկես-կրկես» էի խաղում»:

 

Նա Թիֆլիսի պատանի հանդիսատեսի ռուսական և Գրիբայեդովի անվան թատրոնի ոչ մի ներկայացում բաց չէր թողնում:

 

Դպրոցում իր նման էլ թատերամոլ դասընկերներ ուներ' Սերգեյ Եվլախովը (ՌՍՖՍՀ արվեստի վաստակավոր գորիչ), Նոջերի Չոնիշվիլին (ՎՍՍՀ ժողովրդական արտիստ): Երեքով էլ ստեղծեցին իրենց դրամատիկական խումբը և անվանեցին «Արվեստի պատանի ջատագովներ»: Նրանց համար փայլուն ապագա էին կանխորոշում, նույնիսկ չափազանցված կարծիքներ էին հայտնում. «Մեր դպրոցից նոր Ստանիսլավսկիներ են դուրս գալու» …

 

Կարպը համեստ էր, նույնիսկ ամոթխած: Պարադոքս է, բայց նրան ճանաչողներին անհամատեղելի էին թվում պատանու թատերամոլությունը, բեմական ժրությունը և կյանքում սուսուփուս, քաշվող բնավորությունը: Հետագայում նա կասի. «Այո, ճիշտ են նկատել կյանքում և բեմում իմ «տարամերժ» գոյությունը' տեմպերամենտից մինչև այս կամ այն ունակությունը: Այո, կյանքում ինձ ոչ ոք չի կարող ստիպել երգել կամ պարել, ավելի ստույգ, ի վիճակի չեմ, չեմ կարող, իսկ բեմում, շատերի ասելով, պարում, երգում, էլի ուրիշ (իմ չիմացած) բաներն եմ անում «կատարյալ ու անթերի …»:

 

Բացատրել չեմ կարող, միայն մի բան գիտեմ. բեմում ես դառնում եմ անսահման անկեղծ և ասես հանպատրաստի հասնում եմ այդ և ուրիշ ունակությունների' ինձ համար էլ անսպասելի համոզիչ դրսևորման: Եվ այնտեղ հավատում եմ ինձ. չքվում է իմ թերահավատությունը, անվստահությունը, անգամ համեստությունը …»:

 

Դպրոցն ավարտելուց հետո պատերազմն սկսվելու պատճառով չկարողացավ գնալ Մոսկվա' թատերական կրթություն ստանալու, Գրիբայեդովի անվան թատրոնին կից գործող ստուդիան էլ (միակ համրար տեղը ռուսախոս պատանու համար) 1941 թ. աշնանը արդեն չբացվեց: Ընդունվեց «Վրացֆիլմ» կինոստուդիան և ավարտեց 1944 թվականին: Թեպետ նրա համար փայլուն ապագա էին գուշակում, բայց նա ստուդիան ավարտելուց հետո չգիտեր իր անելիքը: Պատերազմը դեռ չէր ավարտվել, դժվար ժամանակ էր: Աշխատանք էին առաջարկում Թբիլիսիի ֆիլհարմոնիայում, Սուխումի պետական թատրոնում, ինքն էլ ցանկանում էր Գրիբայեդովի անվան թատրոն ընդունվել: Եվ հանկարծ, անսպասելի մի հեռագիր. «Հրավիրում ենք աշխատելու Երևանի երաժշտական կոմեդիայի թատրոնում: Արտեմի Այվազյան»:
Ստուդիայի ընկերները շնորհավորում են, իսկ Կարպը տարակուսում.

 

- Բայց ախր ես հայերեն չեմ խոսում …:

 

- Կսովորես, - քաջալերում են ընկերները:

 

1944 թվականի հոկտեմբերին Կարպ Խաչվանքյանը տեղափոխվեց Երևան: Լավ պայմաններ էին առաջարկել. Բավական բարձր աշխատավարձ, բնակարանավարձ, «լավ դերեր»:

 

Հանդիսականը հենց սկզբից սիրեց նրան, իր սրտին մոտ ընդունեց: Թերևս չըմբռնելով թե ինչու: Ուրիշ մեկին գուցե չներեր մայրենի լեզվի չիմացությունը: Արտիստը սկզբում արտագրել էր տալիս դերատեքստը ռուսերեն, սերտում և բարեխղճորեն արտաբերում: Իհարկե, տարօրինակ բան էր ստացվում. Հանդիսականը զարմացած հետևում էր նրա «խաղին», լսում նրա «հայերենը» և … ծափահարում: Այո, հանդիսականը սիրեց Խաչվանքյանին հենց սկզբից, սիրեց նրա կենցաղային-ավանդական անձնավորումը մերժող արտիստիզմը, կոմիզմի ընդունված ընդունված կերպին խորթ ինտելիգենտությունը: Թվում էր, պատերազում «կոշտացած» հանդիսականին պիտի խրտնեցներ այդ ամենը: Բայց Կարպ Խաչվանքյանին նա ներեց ու հասկացավ, ընդունեց նրա բոլոր «շեղումները» իբրև բնականոն մի բան:

 

Թատերագետ Լևոն Հախվերդյանը նրա մասին գրել է. «…նա իր մեծաթիվ հերոսների հրապուրիչ կերպարանքով իր բազմահազար հանդիսատեսների մեջ սերմանել է բարություն, հրճվանք, նրանց սովորեցրել կյանքի, միջավայրի, մերձավորի սեր, անքեն ու բարի վերաբերմունք: Քի՞չ է արդյոք: Եթե արտիստի արժեքը չափելու լինենք մարդկանց պարգևած ժպիտով' բարոյական թերևս այդ բարձրագույն վալյուտայով, ապա քաշով մեկ ոսկի արժե Խաչվանքյանի տասնամյակների գործը: Խաղ, որ գործ է բառիս ամենախորունկ իմաստով»: