Սահմանադրական դատարանի կողմից «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի և 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը ժամանակավորապես կասեցնելու վերաբերյալ որոշումը դեռ հաղթանակ չէ և ծրագրված որևէ միջոցառում չի հետաձգվելու:
Tert.am-ի հետ զրույցում ասացին «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամ Գևորգ Գորգիսյանը և «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ ուշադրություն հրավիրելով փաստի վրա, որ բավարարվել է կասեցման միջնորդությունը, բայց առջևում մարտի 28 է, երբ պետք է քննվի «Կուտակային կենսաթոշակների մասին» մի խումբ հոդվածների սահմանադրականությունը վիճարկող 4 քաղաքական ուժերի ու «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության դիմումը:
Tert.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հայտարարեց.«Ինչպես էլի տարբեր քննարկումներում ասել էի՝ ՍԴ-ն պետք է քաղաքական որոշում կայացներ և տեսել են, որ ալիքը կարող է մեծանալ, դրա համար կանգնեցրել են, մինչև տեսնեն՝ ինչ են անում»:
Այսինքն՝ Արմեն Մարտիրոսյանը հակված է մտածելու, որ ՍԴ–ն ընդամենը ժամանակ է ձգում մինչև մարտի 28–ը, երբ պետք է քննվի օրենքի սահմանադրականության հարցը:
Նշենք, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի կասեցված 76-րդ հոդվածը վերաբերում է պատասխանատվությունը՝ պարտադիր կուտակային վճարները չկատարելու կամ ուշացումով կատարելու համար։ Իսկ 86–րդ հոդվածի 3-րդ մասում ասվում է. «Պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցները մինչև 2014 թվականի հունվարի 1-ը պետք է սույն օրենքով նախատեսված կարգով կատարեն կենսաթոշակային ֆոնդի և կենսաթոշակային ֆոնդի կառավարչի ընտրություն, այլապես ընտրությունը կատարվում է սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և 39-րդ հոդվածով սահմանված կարգով»:
Tert.am–ի հետ զրույցում Գևորգ Գորգիսյանը նույնպես ասաց, որ սա օրենքի սահմանադրականության մասին որոշում չէ։
«Սա դեռ օրենքի հակասահմանադրականության մասին որոշում չէ և, հետևաբար, որպես հաղթանակ արձանագրել չի կարելի, ուղղակի կձերբազատի քաղաքացիներին գոնե մինչև վերջնական որոշման կայացումը»,- ասաց նա:
Ի պատասխան հարցի, թե,ի վերջո, ՍԴ-ն կայացրեց քաղաքակա՞ն որոշում, վերջինս ասաց, որ այդ մասին թող մեկնաբանեն քաղաքական ուժերը, իսկ ինքը կարող է արձանագրել, որ «ՍԴ-ն կասեցման մասին որոշում ընդունեց»:
«Կարող է լինել նման բան, բայց ես կանեմ հետևյալ հայտարարությունը՝ մենք շարունակելու ենք մեր բոլոր պլանավորված միջոցառումները, և ՍԴ այս որոշումը մեր առաջիկա պլանների վրա ոչ մի ազդեցություն չի կարող ունենալ»,– ասաց նա:
Հիշեցնենք, որ այս օրենքով՝ 2014թ. հունվարի 1-ից սկսած 1974թ. հունվարի 1-ից հետո ծնված անձինք կստանան մոտ 5-10% պակաս աշխատավարձ: Այս գումարները պարտադիր կերպով կգանձվեն աշխատավարձերից, կփոխանցվեն կուտակային ֆոնդերին և որոշակի հավելումներով, տարիներ անց կտրամադրվեն որպես կենսաթոշակ: Օրենքը դժգոհություններ է առաջացրել հասարակության բազմաթիվ շերտերում։
ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միության ատենապետ Գերասիմ Վարդանյանը ևս կրկնեց, որ ՍԴ-ն ընդամենը բավարարել է միջնորդությունը՝ երկու կետերի մասով:
«Բայց եթե մարտի 28-ին դատարանը որոշի չբավարարել հայցը, ապա օրենքը կկիրառվի հունվարի 1-ից, իսկ մինչ այդ չվճարածի համար գործատուները տույժեր չեն վճարելու»,- ավելացրեց նա, ով ևս հաստատեց, որ չեն պատրաստվում թուլացնել պայքարը:
Իսկ մինչ այդ պետք է առավելագույնս մոբիլիզացվի հասարակությունը, և քաղաքական չորս ուժերը պետք է առավելագույնս միասնական լինեն:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ շատ ուրախ է՝ Սահմանադրական դատարանի՝ նման որոշման համար:
«Սա պայքար է, որի շուրջ մենք համախմբված ենք, և պայքարում ենք, որպեսզի հասարակ քաղաքացին չտուժի և իր սոցիալական վիճակը բարելավվի մեր երկրում: Իսկ այդ պարտադիր կուտակային կենսաթոշակային բարեփոխումը ևս մեկ քայլ էր, որը հուսահատության էր հասցնում մեր քաղաքացիներին: Իմ կարծիքով այդպես էլ պետք է լիներ, քանի որ այդ որոշումը հակասահմանադրական է, և ոչ ոք իրավունք չունի քաղաքացու գրպանից իր աշխատածը հետ վերցնել»,- ասաց Վահան Բաբայանը: