azatutyun.am Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) չի արձագանքում Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած մարտական գործողություններին, որոնց ժամանակ գնդակոծվեցին հայկական բնակավայրերը, վիրավորվեց առնվազն մեկ խաղաղ բնակիչ, իսկ Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի սահմանին հակառակորդի իրականացրած դիվերսիոն հարձակումը քաջաբար հետ մղելիս՝ զոհվեց կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը:

 

Հիշեցնենք, Հայաստանը հանդիսանում է ՀԱՊԿ հիմնադիր անդամներից մեկը և 1992թ․ մայիսի 15-ից Ռուսաստանի ու կազմակերպության այլ անդամ պետությունների հետ ռազմական դաշինքի մեջ է, սակայն անցած օրերին կազմակերպությունն այդպես էլ անգամ հայտարարության տեսքով չարձագանքեց հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած մարտական գործողություններին:

 

ՀԱՊԿ պայմանագրի 4-րդ հոդվածում կարդում ենք.- «Եթե կազմակերպության անդամ-պետություններից մեկը ենթարկվում է ագրեսիայի (զինված հարձակման, որը սպառնում է [նշված անդամ-պետության] անվտանգությանը կայունությանը, տարածքային ամբողջականության և ինքնիշխանությանը), ապա անդամ-պետությունների կողմից այդ ագրեսիան կդիտարկվի ագրեսիա ընդդեմ պայմանագրի բոլոր անդամ-պետությունների: Անդամ-պետություններից որևէ մեկի նկատմամբ ագրեսիայի դեպքում (զինված հարձակման, որը սպառնում է [նշված անդամ-պետության] անվտանգությանը կայունությանը, տարածքային ամբողջականության ու ինքնիշխանությանը), մյուս բոլոր անդամ-պետությունները՝ այդ անդամ-պետության խնդրանքով, անհապաղ կերպով նրան են տրամադրում անհրաժեշտ օգնություն, այդ թվում՝ ռազմական»:

 

Այսօր «Ազատությունը» կապ է հաստատել ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովի հետ՝ հարցնելով, թե ի՞նչ են մտածում կազմակերպության անդամ Հայաստանի ու կազմակերպության մաս չկազմող Ադրբեջանի միջև շարունակվող զինված ընդհարումների վերաբերյալ, որոնց արդյունքում հայկական կողմից կան կորուստներ:

 

Պարոն Զայնետդինովն ուղղակի ասաց, որ զինված ընդհարումների մասին ինքը առաջին անգամ է տեղեկանում և այն էլ մեզնից, ու հետևաբար որևէ կարծիք հայտնել չի կարող, ինչպես նաև չի կարող փոխանցել, թե այդ կապակցությամբ ինչ են մտածում ՀԱՊԿ-ում: