Հայաստանյան պատվիրակությունը չի խախտել կանոնադրական որևէ պահանջ, անգամ ռոտացիայի հաստատված այս սկզբունքով պատվիրակության թե՛ հիմնական, և թե՛ փոխարինող կազմը խիստ բալանսավորված է: Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության կազմին, ասաց Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության անդամ, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչ Նաիրա Կարապետյանը:
«Լիագումար նիստի ժամանակ որևէ պատգամավոր այդ հարցը չբարձրացրեց, մեր պատվիրակության լեգիտիմության հարցը անգամ չի էլ քննարկվել»,-ասաց Նաիրա Կարապետյանը:
Պատգամավորը հաղորդեց, որ ԵԽԽՎ ԵԺԿ քաղաքական խմբի նիստի ժամանակ միայն մեկ պատգամավորի՝ Լատվիայի ներկայացուցիչ Լոլիտա Ցիգանի կողմից է բարձրացվել ԵԺԿ քաղաքական խմբի նախկին անդամ Զարուհի Փոստանջյան՝ պատվիրակության կազմում փոխարինման հարցը:
«Լոլիտա Ցիգանը պատգամավորը մտահոգված էր հայաստանյան պատվիրակության ընդդիմություն-ոչ ընդդիմություն բալանսավորման վերաբերյալ: Նա մտահոգություն հայտնեց, թե ՀՀ նախագահին պրովոկացիոն հարց հղելուց հետո տիկին Փոստանջյանը հեռացվեց պատվիրակության կազմից»,-հաղորդեց Նաիրա Կարապետյանը:
ՀՀԿ-ական պատգամավորի կարծիքով բավական անհիմն են Զարուհի Փոստանջյանի պնդումները, որ նա պատվիրակության կազմից հեռացվել է քաղաքական հետապնդումների հետևանքով, այն է՝ ՀՀ Նախագահին պրովոկացիոն հարց հնչեցնելու պատճառով:
«Հարցը բացարձակապես քաղաքական տարր չէր պարունակում, որպեսզի քաղաքական գնահատականի արժանանար: Դա անհավասարակշիռ, ոչ կոռեկտ և էթիկայի բոլոր նորմերից դուրս մի պոռթկում էր, ի՞նչ քաղաքական գնահատականի մասին կարող է խոսք լինել»,-նկատեց Նաիրա Կարապետյանը: