Tert.am Այսօր Ստրասբուրգում մեկնարկած ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի առաջին նիստում ելույթ է ունեցել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ով կոչ է արել Եվրոպայի Խորհրդին կոնկրետ քայլեր ձեռնարկել՝ Ադրբեջանի կողմից միջազգային կառույցները քաղաքական կոռուպցիայի հարթակի վերածելու դեմ։

 

Իր ելույթում նա մասնավորապես ասել է. «Կարծում եմ, կհամաձայնեք ինձ հետ, որ ժամանակն է փոփոխություն կատարել քաղաքագիտական մտքում և ադրբեջանական խավիարը այսուհետ համարել քաղաքական լուրջ գործոն։ Ես կդժվարանամ անգամ հաշվել, թե այս ամբիոնից քանի՞ անգամ է ասվել այն մասին, որ անթույլատրելի է նավթադոլարով ու խավիարով ժողովրդավարություն գնելու այն քաղաքականությունը, որը վարում է ԵԽ անդամ Ադրբեջանը։

 

Ավելին, մեր որոշ գործընկերներ իրենց պատվավոր տեղն ունեն Ադրբեջանի խավիրակիրների շարքերում։ Սակայն, որևէ անգամ ո՛չ մեր, ո՛չ էլ միջազգային որևէ այլ կառույց, ուր հասել է այդ երկրի խավիարոտ ձեռքը՝ այդպես էլ որևէ իրական քայլ չձեռնարկեցին՝ ժողովրդավարությունն ապականող այս երևույթի դեմ։ Արդյունքում, հասանք նրան, որ հոկտեմբերի սկզբին Բաքվում կայացած խայտառակ նախագահական ընտրությունները Եվրոպական խորհրդարանի իտալացի ներկայացուցիչ Պինո Արլակիի դիտորդական խումբը համարեց ազատ, արդար և թափանցիկ։

 

Այս աննախադեպ խայտառակ գնահատականը, բնականաբար, Եվրոպական խորհրդարանում մեծ սկանդալի պատճառ դարձավ։ և, ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս արդարացավ Արլակին։ Նա հայտարարեց, որ ստել ու կեղծել է՝ հանուն Իտալիայի շահերի։ Այսինքն, նա ստել է, քանի որ Իտալիան նավթային հետաքրքրություններ ունի Ադրբեջանում։ Եվրոպական խորհրդարանի ներկայացուցիչը, Economist պարբերականի տվյալներով Անգոլայից և Բուրկինաֆասոյից ավտորիտար ռեժիմ ունեցող Ադրբեջանում կատարյալ ժողովրդավարություն է տեսել՝ հանուն Իտալիայի տնտեսական շահերի։ Ի՞նչ է սա, եթե ոչ հրապարակային հայտարարություն՝ քաղաքական կոռուպցիայի մասին։

 

Բնականաբար, այս ամենը հետևանք է այն անգործության, որ դրսևորում են միջազգային կառույցները, այ թվում մեր Վեհաժողովը՝ Ադրբեջանի նավթախավիարային քաղաքականության հանդեպ։

 

Եվ իհարկե, նույն այդ նավթադոլարային վստահությունն էր պատճառը, որ նախագահական ընտրություններից հետո Ալիևի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիևը Ամերիկայի Միացյալ նահանգներին մեղադրեց Ադրբեջանում նախագահական ընտրությունները կեղծելու պատվեր տալու մեջ։ Ըստ Ալիևի աշխատակազմի ղեկավարի՝ ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց հորդորել են ընդդիմությանը գրել 25, իսկ Ալիևին՝ 75 տոկոս ձայն։

 

Բնականաբար, նման սկանդալային հայտարարություն իրեն կարող էր թույլ տալ միայն այն երկրի պաշտոնյան, ով վստահ է, որ իրենք շարունակելու են միջազգային կառույցներին նստեցնել նավթի ու խավիարի իրենց ասեղի վրա։ Ինչո՞ւ։ Որովհետև չկա իրական հակազդեցություն միջազգային հանրության կողմից։ և երբ վերջերս «Ֆրիդըմ Հաուզը» Բրյուսելին կոչ արեց, որպես պատժամիջոց, դադարեցնել Ադրբեջանի հետ վիզային ռեժիմի դյուրացման բանակցությունները, բնականաբար, Բրյուսելն այդ առաջարկը մերժեց։

 

Հարգելի գործընկերներ, իրական ազատության միակ գրավականը անկախությունն է։ Թույլ չտանք, որ մեր կառույցների անկախությունը գնեն Եվրոպայի վերջին բռնակալները»։