Tert.am Ադրբեջանական լրատվամիջոցներում տարածվում են հայ «դիվերսանտի» լուսանկարն ու տեսանյութը, որտեղ ակնհայտ երևում է, որ նա 65 տարեկանից մեծ է, և կասկածի տակ է առնվում երկրի պաշտպանության նախարարության հայտարարությունը՝ նրա դիվերսանտ լինելու վերաբերյալ։
«Ադրբեջանական լրատվական գործակալությունները լավ կլինի սովորեն աշխատել առանց նման ոճի։ Ապա այս դիվերսանտին նայեք։ Ավելացնելու ի՞նչ կա։ Այդ լուսանկարներին ավելացնելու ոչինչ չի մնում»,-գրում է haqqin.az-ը։
Ադրբեջանական լրատվամիջոցը, հղում անելով հայկական լրատվական գործակալություններին, տեղեկացնում է, որ 77-ամյա Մամիկոն Խոջայանը Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ է։
Գյուղապետը պատմել է, որ Խոջայանը հոգեկան խնդիրներ ունի, գրանցված է դիսպանսերում։ «Կեսօրին գյուղացիները տեսել են նրան՝ դույլով։ Հարցրել են՝ ո՞ւր ես գնում, ասել է՝ խաղող հավաքելու։ Ի՞նչ խաղող ձմռան կեսին։ Այգիները գյուղից 8 կմ հեռու են, այդպես նա իջել է ու պատահմամբ հատել սահմանը»,-պատմել է գյուղապետը։