Լեզվի մասին օրենքը չի խախտվում: «Ես խախտում չեմ տեսնում, քանի որ հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում և Եվրասիական միության շրջանակներում, որի անդամն ենք շուտով դառնալու, աշխատանքային լեզուն ռուսերենն է»,- այսօր մի քանի լրագրողի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Արամ Սաֆարյանը' պատասխանելով հարցին' արդյո՞ք չի խախտվել լեզվի մասին օրենքը, երբ ԱԺ-ում' հայ-ռուսական բարեկամության խորհրդարանական ակումբում, հայ պատգամավորները խոսում են ռուսերեն:
«Մենք խոսում ենք այն լեզվով, որն ազգամիջյան շփման լեզու է: Ամեն անգամ թարգմանիչ բերելն ու թարգմանություն անելը, այն դեպքում, երբ ռուսերենը հասկանալի է և ընդունելի է այս տարածքի ժողովուրդների համար, նպատակահարմար չէ: Սա բարեկամների ժողով էր, իսկ նման դեպքերում թարգմանիչների օգնությամբ չեն խոսում»,- ասաց Սաֆարյանը:
Yerkir.am-ի հարցին' արդյո՞ք այդ բարեկամները պատասխանեցին ցավոտ հարցերին, Սաֆարյանը պատասխանեց. «Մեր քաղաքական դեմքերը հայտնեցին նրանց այս պահին առկա մտահոգությունները: Վստահ եմ' լրատվամիջոցների միջոցով այդ մտահոգությունները կհասնեն Ռուսաստանի իշխանություններին: Հարցերին ուղիղ պատասխանելու համար նրանք չունեին լիազորություններ: Սիմագինը շատ անկեղծ խոստացավ, որ մեր մտահոգությունները կփորձի հասցնել նրանց, ում որ հարկն է»: