Ռուսաստանի ԱԳՆ-ն արձագանքել է հայ-ադրբեջանական սահմանի լարվածությանը, խստիվ պահպանելով «պարիտետը» եւ չնշելով դրա մեղավորներին:

 

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ «լարվածության հետագա աճի դեպքում անխուսափելի են բացասական հետևանքները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի համար: Կարող է լրջորեն բարդանալ 2013 թվականի նոյեմբերի 19-ին Վիեննայում ադրբեջանա-հայկական գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը»:
ՌԴ ԱԳՆ-ն կողմերին կոչ է արել «ձեռնարկել լրացուցիչ միջոցներ՝ ուղղված իրավիճակի կայունացմանը, ներառյալ՝ 1995 թվականի փետրվարի 4-ի Հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին համաձայնությամբ նախատեսված մեխանիզմների գործադրումը»:

 

1995 թ. փետրվարի 4-ի համաձայնագիրը ՌԴ ԱԳՆ-ն պատահական չի հիշատակում: Դա միակ փաստաթուղթն է, որը ստորագրել են Հայաստանը, Ադրբեջանը եւ Ղարաբաղը ԵԱՀԿ հովանու ներքո: Ընդ որում, այդ համաձայնագրի ոչ մի կետ չի կատարվել:

 

Այս փաստաթղթի տեքստը դժվար է գտնել, կան միայն հղումներ, որոնք արել է այն ժամանակ Ղարաբաղի հարցով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Կազիմիրովը, որը, նրա խոսքով, ուղղված է եղել սահմանին միջադեպերի կրճատմանը եւ միլիտարիստական հռետորաբանության դադարեցմանը: Ընդ որում, իր հոդվածներից մեկում Կազիմիրովը նշել է, որ «միջադեպերի հետաքննության մեխանիզմը չի կարող կատարյալ լինել, քանի դեռ չկան չեզոք դիտորդներ»:

 

Ի՞նչ է պարունակում այդ համաձայնագիրը, որին հղում է անում ՌԴ ԱԳՆ-ն: Հեյդար Ալիեւը ժամանակին Միլլի մեջլիսում իր ելույթներից մեկում պատմել է այդ համաձայնագրի շուրջ բանակցությունների ընթացքի մասին: Նա ասել է, որ «բանակցություններ են վարվում այն մասին, որպեսզի Ռուսաստանը տարածաշրջան ուղարկի իր բաժանարար զորքերը՝ կրակի դադարեցման ռեժիմը ապահովելու համար»:
Արդյոք դա նշանակում է, որ Ռուսաստանը «լարվածության հետագա աճի դեպքում» պատրաստվում է ղարաբաղյան հակամարտության գոտի մտցնել իր «բաժանարար զորքերը»: Չի բացառվում, որ ԱԳՆ հայտարարությունը դրա նախապատրաստությունն է:

 

Կան նշաններ, որ Սոչիի օլիմպիադայից հետո Ռուսաստանը լրջորեն կզբաղվի Ղարաբաղի խնդրի «լուծմամբ»: Դա նրան թույլ կտա լուծել մի քանի խնդիր՝ Հայաստանին մտցնել Եվրասիական միություն, շրջափակել Իրանի հնարավոր հաղորդակցություններն Արեւմուտքի հետ եւ այլ հարակից խնդիրներ:
Ակնհայտ է, որ ՌԴ ԱԳՆ հայտարարությունից հետո Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը, ինչպես նաեւ ստատուս քվոյի պահպանման նախաձեռնությունները հայտնվել են սպառնալիքի տակ:

 

 


ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ