Ադրբեջանի մտավորականության մի խումբ ներկայացուցիչներ, հայտնի լրագրող, «Ազատություն» ռադիոկայանի աշխատակից Խադիջա Իսմայիլովայի մասնակցությամբ, հայտարարել են նոր ընդդիմադիր' «Օրինականության շրջանակում չափավոր առաջընթացի կուսակցություն» ստեղծելու մասին: Հայտնում է «Թուրան» լրատվական գործակալությունը:

 

Խադիջա Իսմայիլովան նշել է, որ նորաստեղծ կուսակցությունը ներկայիս իշխանությանն ընդդիմադիր կլինի եւ գաղափարապես հավատարիմ' ազատական հայացքներին: «Մենք մտադիր ենք հասնել մեր ծրագրային նպատակներին աստիճանաբար' քայլ առ քայլ»,- նշել է նա:

 

Արեւմտյան կանոններով' լրագրողը չի կարող քաղաքական կազմակերպությունների անդամ լինել եւ զբաղվել ակտիվ քաղաքական գործունեությամբ: Ինչպես երեւում է, նորաստեղծ կուսակցության մեջ մտած արեւմտամետ լրագրողներ Զամին Հաջին, Շահվելեդ Չոբանօղլուն, Էլնուր Աստանբեյլին, քաղաքական վերլուծաբան Ռաշադ Շիրինը, երգահան Էլմիր Միրզոեւը եւ ուրիշներ որոշել են հեռանալ ժուռնալիստիկայից եւ ամբողջությամբ խորասուզվել քաղաքական իշխանության համար պայքարի մեջ:

 

Հիշյալ լրագրողները Ադրբեջանի գործող իշխանությանը ծանոթ են իրենց ընդդիմադիր կեցվածքով: Խադիջա Իսմայիլովան համարվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ընտանիքի բիզնես կարողություններն ու ապօրինի ճանապարհով ձեռք բերած ունեցվածքն Ադրբեջանում եւ արտասահմանում բացահայտած առաջին լրագրողը:

 

Ադրբեջանում հունվարի 30-ին հայտարարվել էր «Ապագա Ադրբեջան» նոր ընդդիմադիր քաղաքական կուսակցության ստեղծվելու մասին եւս, որի հիմքը, ինչպես հայտնել են հիմնադիրները, կազմելու են երիտասարդները: Կուսակցության կազմակերպչական կոմիտեի 25-ամյա նախագահ Աղասիֆ Շաքիրօղլուն «Ազադլիգ»-ի հետ զրույցում նշել էր, որ վերջին 20 տարում ներկայիս իշխանությունն իրեն տարել է «երկարաժամկետ պարտության», եւ որ այժմ անհրաժեշտ են նոր ռազմավարություն եւ մարտավարություն, նոր մեթոդներ: Աղասիֆ Շաքիրօղլուն հայտնել էր, որ նորաստեղծ կուսակցությունը &la quo;սկզբունքայնություն, վճռականություն, անզիջումություն, կոնֆորմիզմի բացակայություն» է դրսեւորելու:

 

«Մինչեւ 2015թ. մենք ուսանողական մեծ շարժում ենք ստեղծելու, որն իր հզորությամբ եւ նշանակությամբ լինելու է եթե ոչ առաջին, ապա երկրորդ կուսակցությունն Ադրբեջանում»,- ասել էր նա եւ նշել, որ իրենք պատրաստ են համագործակցել իրական ընդդիմադիր կուսակցությունների հետ: