Այսօր' փետրվարի 3-ին, «Թռչնասերների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սիլվա Ադամյանը լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ Հայաստանի Կարմիր գրքում գրանցված թռչունների քանակը վերջին 20 տարում ավելացել է 74.55 տոկոսով:

 

«Մեր նոր Կարմիր գրքում գրանցված է 96 տեսակի թռչուն, որը լուրջ խնդիր է: Դեռ 1995 թվականին, երբ մենք աշխատում էինք «Հայաստանի թռչունները» նախագծում, գրանցել էինք 55 տեսակ»,-ասաց Ադամյանը՝ հավելելով, որ Կարմիր գրքում թռչունների ավելացման միտումը շարունակական է: Մասնագետի խոսքով՝ տարբեր լանդշաֆտների կորուստը հանգեցնում է նաև թռչնաֆաունաների կորստի:

 

Ադամյանը նշեց, որ Հայաստանի տարածքի 80 տոկոսը ենթակա է անապատացման, ինչը կարող է հագնեցնել թփուտային վայրերին սովոր թռչունների տեղափոխմանն անապատային տարածքներ:

 

ՀԿ նախագահը թվարկեց Կարմիր գրքում գրանցված մի քանի տեսակի թռչուններ, որոնք որսագողության պատճառով իսպառ վերանալու վտանգի տակ են: Սև անգղի մի քանի զույգ հանդիպում է Խոսրովի արգելոցում: Նույն վիճակն է գանգրափետուր հավալուսնի հետ կապված, որը գրանցված է նաև միջազգային Կարմիր գրքում: Ադամյանը ձկնորսական ցանցերի տեղադրումը Արփի լճում լուրջ խնդիր համարեց գանգրափետուր հավալուսների սերնդի համար: «Երբ ձկնորսները փորձում են ցանց դնել, այդ թռչունների ձագուկները ընկնում են դրանց մեջ»,- նշեց Ադամյանը՝ հավելելով, որ մի շարք թռչուններ ունեն բնադրավայրերի խնդիր:

 

Հայաստանի նոր Կարմիր գիրքը ստեղծվել է 2010 թվականին' ՀՀ կառավարության որոշմամբ: Կարմիր գրքում ընդգրկված է 452 տեսակի բույս և 308 տեսակի կենդանի, որից 153-ը՝ ողնաշարավոր: