ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է հայկական առաջին պլանշետի՝ «Արմթաբ»-ի շնորհանդեսին: Պլանշետի արտադրությունն իրականացնում է «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերությունը:

 

ՀՀ կառավարության ծրագրով, որն արժանացել է հանրության և Ազգային ժողովի հավանությանը, առաջին դասարանցիները պետք է ապահովվեն համակարգչով: Այդ առումով, վարչապետի խոսքով, հայկական պլանշետների արտադրության այս ծրագիրը համահունչ է կառավարության ծրագրին: Կառավարության ղեկավարը սա համարել է լրջագույն հաջողություն, քանի որ Հայաստանը երկարաժամկետ առումով գտնում է նաև իր տնտեսության մասնագիտացման կարևորագույն ոլորտներից մեկը, իսկ վերջին 10 տարիների փորձը ցույց է տվել, որ այս բնագավառում մեր երկիրն ունի հարաբերական առավելություն՝ ինտելեկտուալ ներուժ, երիտասարդ սերնդի կարողություններ: Տիգրան Սարգսյանի խոսքով՝ իրականացված միջոցառումներն արդեն ձևավորել են միջավայր և տալիս են շոշափելի արդյունքներ:

 

«Եթե կարողանանք քաղել այս ոլորտի բոլոր պտուղները, ապա դա կնշանակի, որ ևս 10 տարի անց ՀՀ տնտեսությունը կլինի ավելի արդյունավետ, իսկ արտադրողականության տեսակետից կլինենք մրցունակ պետություն»,- նշել է վարչապետը:

 

Ներկայացնելով ՏՏ բնագավառում 2013-ին արձանագրված արդյունքները՝ Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ այս ոլորտում երկնիշ տնտեսական աճն ունի շարունակական բնույթ, և նախորդ տարին այդ առումով բացառություն չէր. աճը կազմել է շուրջ 20 տոկոս, իսկ արտահանումը՝ 12 տոկոս: Դա, ըստ կառավարության ղեկավարի, նշանակում է, որ աճի մի զգալի մասն ապահովում է ներհանրապետական սպառում, ինչը նույնպես հաջողություն է: Ոլորտի ձեռնարկությունների 80 տոկոսն ունի հայկական ծագում: Վարչապետի խոսքով՝ նախորդ տարվա կարևորագույն ձեռքբերումներից մեկն էլ այն է, որ ՀՀ ՏՏ ոլորտի նկատմամբ միջազգային տրանսնացիոնալ կորպորացիաների ուշադրությունն ավելի է մեծացել:

 

«Սիլիկոնյան հովտում IBM ընկերության հետ մեր ձեռք բերած պայմանավորվածությունն ամբողջությամբ իրացվել է: Դրա արդյունքում այդ ընկերությունը Հայաստանում ունի իր կենտրոնը, որը հնարավորություն է տալու երիտասարդ սերնդին ավելացնել իր կարողությունները: Ուրախ եմ նաև, որ IBM-ի միջոցով համագործակցում ենք ԱՄՆ-ի առաջատար բուհերի հետ, ինչը հնարավորություն է տալու մշտապես պահպանել կրթական համակարգի բարձր մակարդակ»,- նշել է Տիգրան Սարգսյանը: