Հայկական պետականության ու հանրության ներկա վիճակի հետ կապված, շատերս ենք վերաքննում այլևայլ հիմնարար դրվածքների մասին ունեցած մեր դոգմատիկ պատկերացումները:
Դրանցից մեկն էլ թշնամի-բարեկամ հակամետ հասկացություններն են՝ աշխարհայացքի ու կենսակերպի վրա ունեցած իրենց ահռելի ազդեցությամբ:
Գենոցիդից հետո մեզանում թշնամու կերպարը կենտրոնացել է «թուրքի» մեջ: Դրանով իսկ նեղացել և պրիմիտավացել է թշնամու մասին պատկերացումների օբյեկտիվորեն մեծ դաշտը, ազատ որևէ տեղ չթողնելով այլ կարգի թշնամություններին:
Եթե ունիվերսալ թշնամին թուրքն է, ապա ավտոմատ ստացվում է, որ բարեկամն էլ հայն է: Ղարաբաղյան պրոցեսի հետ կապված այդ պարզեցված պատկերացումն էլ ավելի խորացավ: Բայց անկախության, կապիտալիզմի մուտքով ու սոցիալական անհավասարության աճին զուգահեռ, մարդիկ սկսեցին հարցականի տակ դնել թշնամու մասին պատկերացումների այս պարզագույն մոդելը:
1995 -1996 թթ ընտրական լպիրշ կեղծիքներից հետո հրապարակ մտավ «քաղաքական հակառակորդ» եզրը, և դրանով հակամարտությունների մասին մարդկանց պատկերացումները մի քիչ խորացվեցին:
Այդ ժամանակներից մինչև 1998-ը՝ երկրորդ նախագահի ընտրությունները, ունեինք թուրք-թշնամուն, ընտրություն կեղծող «քաղաքական հակառակորդին» և «բարեկամ» հային:
Այդ ընտրությունների կեղծիքից հետո արդեն թուրք-թշնամի, հայ-բարեկամ ինտերվալը լցված է բազմաթիվ այլ սուբյեկտներով, ներառյալ սափրագլուխներն ու օլիգարխները, նրանց սատարողները ու բարեկամները, շուստրիներն ու գողականները, հարիֆներն ու համբալները, արտագաղթողներն ու մնացողները, փողատերերն ու աղքատները, անարժան վիճակ քարշ տվող ակադեմիկոսներն ու պապայի բալա՝ գիտության ծաղկուն թեկնածուները:
Այս բոլորն իրար նկատմամբ և հակառակորդ են, և բարեկամ, և մասնավոր թշնամի, բայց և բոլորն իրար հետ միասին, միահամուռ թշնամի են թուրքին: «Թուրքն» այն վերին ստանդարտն է, որի առկայությունը մեղմացնում է ցանկացած ներքին հակամարտություն: Եվ զարմանալիորեն, հարիֆն ու ակադեմիկոսը, գողականն ու արվեստագետը նույն պաթոսով ու նույն համերաշխությամբ հակաթուրք են:
Իհարկե, դա օբյեկտիվորեն է այդպես, նույնիսկ անկախ այն բանից, որ իշխանություններն այդ թշնամության շահարկմամբ արդեն երկու տասնամյակ շարունակ երկիրն են մսխում ու մարդկանց այլասերում:
Թուրքին վերացնել, նրան քարտեզից ու հարևանությունից դուրս հանել հնարավոր չէ: Բայց և թուրքի գոյության պատճառով հեռվից-հեռու, ինքնաբերաբար կործանվելն էլ ելք չէ:
Հետևաբար, մնում է ներքին հակամարտություններից գլուխ հանելը: Հասկանալը, թե որն է իրոք արյունալի թշնամություն, որը՝ շահագործում, որը՝ շահարկում, որը՝ խաբեություն, որը՝ խուլիգանություն, որը՝ բանդիտիզմ, որը՝ դավաճանություն ու որն՝ իսկապես քաղաքական հակամարտություն:
Եվ դա անելու համար առաջին հերթին պետք է սահմանել, թե որն է առկա ներքին կոնֆլիկտների առարկան, որքանով են կոնֆլիկտները շահային, անհամատեղելի-մահացու և որքանով՝ անարյուն հանգուցալուծվող:
Այս պարզեցումներից հետո նոր հնարավոր կլինի պարզել, թե ովքեր են վերը թվարկվածները եղած հակամարտությունների սահմաններում, և ինչ վերաբերմունքներ են հնարավոր դրանց հանդեպ:
Հիմնական ներհանրային կոնֆլիկտն իհարկե «իշխանություն» կոչվածի և հանրության մեջ է: Իշխանությունը կրիմինալի օգնությամբ կեղծվող ընտրություններով վերարտադրվող ինքնամփոփ, զինյալ, ահռելի մի կոնգլոմերատ է: Իսկ հանրությունն էլ սահմանադրական հնարավորությունների հույսին մնացած՝ մշտապես պարտված, անարգված, օրեցօր հուսալքվող ու երկրից հեռացողն է:
Արդեն 19 տարի է, կոնֆլիկտը «օրինական» մեթոդականով, այսինքն ընտրություններով չի հաղթահարվում: Որևէ դիալոգ կամ զիջում դեռևս արձանագրված չէ նրանց միջև:
Կորուստները միայն ու միայն հանրությանն են: Իշխանությունն անպատիժ բարգավաճում է՝ լկտիորեն ցուցադրելով իր մասնագիտական անհամապատասխանությունը, ոտնահարելով ազգային արժանապատվությունն, ու բեսպրեդելով մարդկանց ստրկություն պարտադրելու առօրյայի մեջ է:
Ինչպես կարելի է որակել այդ անլուծելի համակարտությունը բարեկամ-հակառակորդ-թշնամի ինտերվալում: Ինչով է տարբերվում «իդեալական» թուրք-թշնամին հայ կրիմինալից, որը շարունակաբար գողանում է ձայները, կեղծում, թալանում երկիրը, շահագործում, ստորացնում ու ավերում մարդուն:
Միայն մեկ բանով՝ յաթաղան չունի ձեռքին: Իսկ մնացած էֆեկտներով նույնն է: Մարդիկ փախչում են երկրից՝ լքելով տները: Հետևաբար, կարելի է պնդել, որ հակամարտող կողմերն արդեն իսկ մտել են իրար հանդեպ բացարձակ թշնամության փուլ:
Իշխանականն օգտագործում է հնարավոր ուժային մաքսիմումը՝ հետապնդումները, բանտերը, ֆիզիկական հաշվեհարդարները, գաղտնալսումներն ու գործակալական հզոր ցանցերն իր սադրիչներով ու ներդրված ագենտներով: Իսկ հանրությունն էլ արտագաղթում է՝ ֆիզիկապես փրկվելու համար:
Ուժերի հարաբերակցությունն այնպիսին է, որ առկա մեթոդականի սահմաններում լուծումներ ուղղակի գոյություն չունեն:
Ելնելով վերը նկարագրածից, ընթերցողն ինքուրույն կարող է տեղադրել իրեն հայտնի սուբյեկտներին բարեկամ-հակառակորդ-թուրք ինտերվալում և ավելի հստակեցնել իր դիրքորոշումն այդ հարցերում:
Վիկտորիա թագուհու արտգործնախարար Լորդ Պալմերստոնի՝ մենք չունենք մշտական դաշնակիցներ, մենք չունենք մշտական թշնամիներ, մենք միայն ունենք մշտական շահեր հայտնի միտքը տեղադրելով մեր իրականության վրա, կստանանք հետևալ ողբերգական բանաձևը՝ Հայ հանրությունը չունի որևէ բարեկամ, ունի միայն ներքին ու արտաքին թշնամիներ, որոնք հետապնդում են իրենց մշտական շահերը՝ հոշոտելով հայ մարդուն:
ԱՐԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ