Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող բուժհաստատությունները 2014 թվականին կհամալրվեն 100 մլն դրամի սարքավորումներով: Լրագրողների հետ հանդիպմանը Երեւանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը նշեց, որ 2013 թվականին ավելի քան 70 մլն դրամի սարքավորում է ձեռք բերվել պոլիկլինիկաների եւ հիվանդանոցների համար: «2013 թվականին քաղաքապետարանի ենթակայության յոթ հիվանդանոցներում բուժօգնություն է ստացել ավելի քան 22 հազար հիվանդ: Նրանցից միայն 15 հազարը պետպարվերի շրջանակներում»,-ասաց նա:
Անդրադառնալով շտապօգնության կանչերին, քաղաքապետի տեղակալը նշեց, որ Երեւան քաղաքի տարբեր համայնքներում գործող շտապօգնության յոթ ենթակետերը 2013 թվականին սպասարկել են 218 հազար կանչ: «Շատ են գրանցվում հատկապես անտեղի կանչերը, երբ կանչում են ուղղակի ճնշում չափելու նպատակով»,- ասաց նա' հավելելով, որ շտապ բուժօգնության ծառայությունը համալրվել է նոր շարժակազմերով:
Օհանյանի խոսքով' շտապօգնության ծառայությունն ամեն ինչ անում է'կանչերին հնարավորինս արագ արձագանքելու համար: «Ուշացման դեպքերն էլ հիմնականում կապված են մայրաքաղաքում խցանումների հետ»,- հավելեց քաղաքապետի տեղակալը: