Թուրքիայի ազգային մեծ ժողովի սահմանադրական խորհուրդն ընդունել է 2013 թվականի սեպտեմբերի 30-ին վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրապարակած «Ժողովրդավարացման փաթեթը»: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
Փաթեթի համաձայն' այսուհետև նախընտրական քարոզչություն կարող է արվել թուրքերենից բացի նաև այլ լեզուներով, որոնցով խոսում են Թուրքիայում: Կուսակցություններին հնարավորություն է տրվում ունենալ երկու նախագահ: Թուրքիայի քաղաքացիներին թույլատրվելու է թուրքերենից զատ այլ լեզվով կրթություն իրականացնելու համար բացել մասնավոր դպրոցներ: Ըստ փաթեթի' նախարարների խորհուրդը պետք է որոշի, թե որ լեզուներով կարող են բացվել մասնավոր դպրոցները:
Ցանկացած մարդ, ով կփորձի անօրինական կերպով խոչընդոտել մարդկանց տվյալ խմբին' իրականացնելու կրոնական այս կամ այն ծեսը, կբռնանա նրա դավանանքի ազատության վրա, կդատապարտվի 1-3 տարվա ազատազրկման: Լեզվի, կրոնի, ռասայի, սեռի, քաղաքական կողմնորոշման, ազգային խտրականություն մտցնողների համար ևս նախատեսվում է 1-3 տարվա բանտարկություն: «Ժողովրդավարացման փաթեթ»-ով թույլատրվում է նաև գյուղերին տալ դրանց նախկին անվանումները: Նոր փաթեթով վերանում է պետական համակարգում գլխաշոր կրելու արգելքը' բացառությամբ երկրի Զինված ուժերի:
Ավելի վաղ Էրդողանի հրապարակած «Ժողովրդավարացման փաթեթի» քննադատությամբ հանդես էին եկել քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության ներկայացուցիչները: Նրանք գտել էին, որ այն քրդերի համար ոչ մի նոր բան չի առաջարկում և «ամբողջությամբ դատարկ է»: Բրիտանական «Թայմս» պարբերականը գրել էր, թե փաթեթը հարված է աշխարհիկ պետության հիմքերին' հաշվի առնելով գլխաշոր կրելու արգելքի վերացումը: