ԱՄՆ-ում հրատարակվել է Կեսարիայի հայերին նվիրված «Հայկական Կեսարիա/Կայսերի և Կապադովկիա» հատորը»: Այս մասին հայտնում է «Ասպարեզ» պարբերականը:

 

Հատորը Կալիֆորնիայի համալսարանի «Պատմական Հայաստանի քաղաքները և գավառները» շարքի 12-րդ հրատարակությունն է' կազմված և խմբագրված պրոֆեսոր Ռիչարդ Հովհաննիսյանի կողմից: Այն պատմում է Կեսարիա քաղաքի և նրա շրջակա գյուղերում բնակված հայերի պատմության, տնտեսական և հասարակական կյանքի և կրթա-մշակութային ու քաղաքական զարգացումների մասին: Հատորի կազմման իրենց ներդրումն են բերել գիտնականներ Ջեյմս Ռասելը, Ռոբերտ Թոմսոնը, Ժերարդ Դեդեյանը, Պետրոս Տեր-Մաթոսյանը և այլոք:

 

Կեսարիան հնագույն ժամանակներից քաղաքական, տնտեսական և մշակութային սերտ կապեր է ունեցել Հայաստանի հետ: IVդ. Հայոց առաջին կաթողիկոսները ձեռնադրվել են Կեսարիայում: Այստեղ վաղնջական շրջանից ապրել է հոծ հայություն, որի թիվն ստվարացել է միջին դարերում, երբ XIդ. սկզբից Կեսարիան պատկանել է հայ իշխաններին, իսկ 1045-ին՝ Գագիկ Բ-ին:

 

1915թ. Մեծ եղեռնի ժամանակ թուրքական իշխանությունները Կեսարիայի հայերին բռնությամբ տեղահանել են և մեծ մասին կոտորել: Փրկվածների մի մասը տարագրվել է օտար երկրներ: 1938թ. Կեսարիայում ապրում էր եղեռնից վերապրած շուրջ 2000 հայ: