ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի մասնակցությամբ Մանկական ստեղծագործության թանգարանում բացվեց «Սիրո ուժն է անհաղթ» ցուցահանդեսը, որը նվիրված է Սուրբ Սարգսի տոնին: 4-16 տարեկան երեխաների մի քանի տասնյակից ավելի նկարներ մի քանի օր շարունակ կզարդարեն թանգարանի ցուցասրահը: Արդեն երրորդ տարին կազմակերպվող միջոցառումը նախաձեռնել էին Արարատյան Հայրապետական թեմը և Գեղագիտության ազգային կենտրոնը: Միջոցառմանը ներկա սրբազան հայրերը, Գեղագիտության ազգային կենտրոնի աշխատակիցները հիացմունքով էին խոսում փոքրիկ ստեղծագործողների աշխատանքների մասին:
ՀՀ վարչապետը ցուցահանդեսին էր մասնակցում իր տիկնոջ և երկու երեխաների հետ: «Ցանկանում եմ բոլորիդ շնորհավորել այս գեղեցիկ տոնի կապակցությամբ: Թող սերն անբաժան լինի բոլորիցդ և ձեր ընտանիքներում թող միշտ տիրի խաղաղություն և սեր»,-նշեց Տիգրան Սարգսյանը:
Միջոցառմանը մասնակցող Գեղագիտության ազգային կենտրոնի սաները ցուցահանդեսին էին ներկայացրել գեղագիտական յուրօրինակ լուծումներով աշխատանքներ՝ նվիրված Սուրբ Սարգիս զորավարին, հայրենասերին և սիրո բարեխոսին: Վարչապետին շատ դուր եկան երեխաների ստեղծագործությունները: «Զարմանում ես, որ երեխաներն են նման գործեր արել: Ես հեղինակների հետ ծանոթացա: Ապշեցուցիչ նկարներ են, և տարեցտարի մեր երեխաների նկարների որակն ավելի է լավանում: Կարծում եմ' Լևոն Իգիթյանը ճիշտ է, որ պետք է միջազգային հնչեղություն հաղորդենք այս հիասքանչ, տպավորիչ ցուցահանդեսին»,- լրագրողների հետ զրույցում նշեց Սարգսյանը:
Գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն Լևոն Իգիթյանը ևս շնորհավորեց բոլոր մասնակցիներին: «Այս ամեն ինչի հիմքում առաջին հերթին սերն է: Դրանից հետո մեր գենետիկան, որը կապված չէ ոչ մի այլ հանգամանքի հետ: Պատմական տրամաբանությամբ մենք պետք է այսօր գոյություն չունենայինք, բայց ինչպես տեսնում եք, ոչ միայն գոյություն ունենք, այլև նկատում ենք մեր ֆանտաստիկ գենետիկայի արդյունքը, որը երբեք չի ընդհատվում»,-ընդգծեց Իգիթյանը:
Սուրբ Սարգիս զորավարի տոնն այս տարի նշվում է փետրվարի 15-ին: Ն.Ա.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի տնօրինությամբ այն հռչակված է երիտասարդների օրհնության օր: Այդ օրը Սուրբ Պատարագ է մատուցվում սրբի անունը կրող բոլոր եկեղեցիներում, ավարտին կատարվում է երիտասարդների օրհնության կարգ: Սուրբ Սարգսի տոնախմբություններն իրականացվում են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո: