Tert.am Ամերիկյան The New York Post պարբերականն անդրադարձել է միջազգային ԶԼՄ-ներում ամենաշատ շահարկվող թեմաներից մեկին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու գիմնաստիկայի օլիմպիական չեմպիոն Ալինա Կաբաևայի ենթադրյալ սիրային կապին։ Հոդվածագիր Ջո Տակոպինոյի անդրադարձը թարգմանաբար ներկայացրել է նաև ռուսական InoPressa կայքը։

 

Ամերիկյան հանդեսը, հիմնվելով այն լուսանկարների վրա, որոնցում Կաբաևան Սոչիում ընթացող Օլիմպիական խաղերի ժամանակ կրում է հաստ ամուսնական մատանի, եզրակացնում է, որ մարզուհին, այնուամենայնիվ, գաղտնի ամուսնացել է Պուտինի հետ։

 

Աղբյուրը հավելում է, որ Պուտինի մատին ևս ամուսնական մատանի է եղել, երբ նա վերջերս Կրեմլում հանդիպել է Եգիպտոսի պաշտպանության նախարարի հետ։

 

The New York Post-ը հիշեցնում է, որ Պուտինի ու Կաբաևայի ամուսնության մասին տեղեկությունները նոր թափ են առել, երբ ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին Twitter-ի իր էջում գրել է, որ նախագահն ու մարզուհին ամուսնացել են Իվերսկի եկեղեցում։ Սակայն Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է այս տեղեկությունը՝ ընդգծելով, որ նախագահը որևէ մեկի հետ ամուսնական կապի մեջ չէ։