Հայաստանի տնտեսության հետագա ընթացքը կախված է Մաքսային միությանն անդամակցելու հնարավոր սցենարների ընտրությունից: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին նշեց տնտեսագետ Աշոտ Թավադյանը, ում մասնակցությամբ իրականացվել է տնտեսագիտական վերլուծություն' Մաքսային միությանն անդամակցելուց հետո Հայաստանի հնարավորությունների մասին: «Հայաստանի առջև ծառացած են մի շարք խնդիրներ, այդ թվում, չորս հիմնականը' գործազրկությունը, առևտրային դիսբալանսը, տրանսպորտային շրջափակումը' որպես քաղաքատնտեսական հարց, և անվտանգության հարցը, որոնք հաշվի առնելով' կատարվել է մանրակրկիտ վերլուծություն: Կա տնտեսության զարգացման սցենարի խնդիր, կախված նրանից, թե մենք ինչ ուղղությունն ենք գերակա համարում, դա արտացոլվելու է սցենարի ընտրության մեջ»,-ասաց տնտեսագետը:

 

Նրա խոսքով' սցենարներից մեկն այն է, որ Հայաստանի համար կարևոր լինի արտահանման հարցը, ներքին տնտեսվարողին հնարավորություն տալ, որ արտադրություն իրականացնի, որով էլ կնպաստի գործազրկության մակարդակի նվազմանը: Մյուս սցենարը կարող է լինել միայն ներքին շուկայի' մանրածախ առևտրի, շինարարության զարգացումը: «Որոշակի ապրանքների վրա մաքսատուրքերի ավելացմամբ կլինեն ապրանքներ, որոնք կարող են թանկանալ, իհարկե, ոչ առաջին անհրաժեշտության ապրանքների դեպքում: Եթե մենք ունենանք գների աճ, դրանով կլրացնենք բյուջեն, որն էլ կարող է ուղղվել սոցիալական խնդիրների լուծմանը: Ինչը կբերի նրան, որ կպաշտպանենք մեր տեղական արտադրողին: Մենք ունենք բացառիկ հնարավորություն վերջինն իրագործելու»,-նկատեց Աշոտ Թավադյանը:

 

Ներկայացնելով որոշակի ապրանքների մասով ՄՄ-ի ու Հայաստանի մաքսատուքերի տարբերությունը' տնտեսագետը նշեց, որ այն ապրանքների դեպքում, որ Հայաստանը արտադրող երկիր է համարվում, պետք է մաքսատուրքերը բարձրացնել ու նպաստել տեղական արտադրողներին: «Մենք ունենք ծխախոտի արտադրություն, և մեր ծխախոտագործները կուրախանան, որ մաքսերը բարձրացվեն: Թեյի, սուրճի մաքսատուրքերը Մաքսային միության երկրների մոտ ավելի ցածր են, կարելի է մենք իջեցնենք: Դեղերի մասով պետք է թույլ չտալ մաքսատուրքերի բարձրացում»,-ասաց տնտեսագետը:

 

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 3-ին Մոսկվայում հայտարարել է Մաքսային միությանը միանալու Հայաստանի Հանրապետության որոշման և այդ նպատակով անհրաժեշտ կատարելիք քայլերը ձեռնարկելու, իսկ հետագայում՝ Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու մասին: Դեկտեմբերի 24-ին Մոսկվայում տեղի ունեցավ ՄՄ անդամ պետությունների ղեկավարների հանդիպումը, որի ժամանակ ստորագրվեց նաեւ Հայաստանի' Մաքսային միությանն անդամակցելու համար նախատեսված ճանապարհային քարտեզը, որի իրականացման միջոցառումների ծրագիրը հունվարին հաստատել է ՀՀ կառավարությունը: