Այսօր՝ փետրվարի 19-ին, լրացավ ադրբեջանցի զինվորական Ռամիլ Սաֆարովի կողմից հայազգի սպա Գուրգեն Մարգարյանի սպանության 10-րդ տարելիցը։ 2004 թվականին Գուրգեն Մարգարյանը Բուդապեշտում էր գտնվում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ուսումնական ծրագրի շրջանակներում։ Սաֆարովը կացնահարել էր քնած Մարգարյանին' դեմքին հասցնելով կացնի 16 հարված։

 

2012 թվականի օգոստոսի 31-ին Հունգարիան Սաֆարովին արտահանձնեց Ադրբեջանին, որտեղ այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով նրան նույն օրը ներում շնորհվեց, Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից պարգևատրվեց մայորի կոչումով, բնակարան ստացավ և պետության կողմից ապահովվեց նյութական և ֆինանսական այլ միջոցներով։

 

Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիայի թեման ռազմահայրենասիրական պոռթկման հսկայական ալիք բարձրացրեց (ներեցեք ռազմահայրենասիրական բառի հեղինակային իրավունքի խախտման համար): Ֆեյսբուքյան ճակատամարտերում հերոսացման և սխրանքների բազմաթիվ հուզիչ օրինակներ եղան, հեռուստաընկերությունները հեռարձակեցին խրոխտ դիվանագիտական ապտակների շառաչյուններ, սակայն հուզական պոռթկումը շատ արագ մարեց՝ լրատվական դաշտում նոր հետաքրքրությունների ի հայտ գալուց հետո: Մինչդեռ Սաֆարովի արտահանձնման փաստը հայ դիվանագիտության համար պետք է ենթադրեր գործողությունների մի ամբողջ շղթա, որն իր հերթին պետք է նպաստեր Լեռնային Ղարաբաղի ինքնավար կարգավիճակի աներկընտրանքության գաղափարի արմատավորմանը միջազգային հանրության մեջ: Հավատացած եղեք, որ եթե նմանատիպ ամբարտավան դիվանագիտական բացթողում թույլ տար Հայաստանը՝ Ադրբեջանի դիվանագիտական աղմուկը կհնչեր երկրագնդի բոլոր ծագերում:

 

Հայկական լոբբիի կառուցվածքը հնարավորություն է տալիս աշխարհի շատ երկրների խորհրդարաններում նախաձեռնել բանաձևերի ընդունման գործընթաց՝ դատապարտելու համար մարդասպանի հերոսացումը Ադրբեջանի կողմից: Հայկական դիվանագիտությունը պետք է ստիպեր միջազգային իրավապաշտպան կառույցներին՝ Ադրբեջանի մասին զեկույցներում հանդես գալ խիստ գնահատականներով: Հայաստանը պետք է դիմեր ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին, ԵԽԽՎ-ին և այլ միջազգային կազմակերպությունների՝ Ադրբեջանի անդամությունը, որպես ագրեսորին աջակցող երկրի, դադարեցնելու պահանջով: Ինքնին հասկանալի է, որ այս բոլոր գործողությունների՝ ի նպաստ Հայաստանի ընթացքը երաշխավորված չէր, սակայն անտեսել և անտարբերության մատնել մի երկրի սկանդալային դիվանագիտական խայտառակությունը, որի հետ պատերազմի մեջ ես՝ անհասկանալի է:

 

Իսկ ինչով է զբաղված հայկական դիվանագիտությունը: Անցած տարի քանի՞ լուրջ ամբիոնից է այս հարցը բարձրացվել, քանի՞ կոնկրետ դիվանագիտական արդյունք է արձանագրել մեր ԱԳՆ-ն: Պատկերը տխուր է, արդյունք չկա: Մինչդեռ ամբողջ 2013 թվականը նշանավորվեց անիմաստ դեսպանատների հիմնումով և դրանց վրա երկրի բյուջեի զգալի միջոցների մսխումով: Ինքնին հասկանալի է, որ դիվանագիտական կորպուսների հիմնումը երկրի բյուջեից ահռելի միջոցներ է կլանում, և սա այն դեպքում, երբ անգամ պաշտոնական տվյալներով Հայաստանում աղքատությունը օրեցոր խորանում է: Հայ դիվանագետների համար վարձակալված բնակարանների և կեցության ծախսերի ամբողջ բեռը ընկած է ՀՀ պետական բյուջեի վտիտ ուսերին: Ընդ որում, օրինակ Փարիզում մեր դեսպանի միայն բնակարանի վարձը կազմում է ավելի քան 6000 եվրո: Չափազանց շռայլ ճոխություն չէ՞ աղքատ երկրի դեսպանների համար:

 

Անցած տարին նշանավորվեց Հայաստանի կողմից բազմաթիվ էկզոտիկ երկրների հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վստահ քայլերով: Որն է պատճառը: Կամ իշխանավորները հեշտացնում են էկզոտիկ հաճույքներ վայելելու համար այդ երկրներ մեկնելու կարգը՝ իրենց ավելի հասանելի դարձնելու համար հաստատելով դիվանագիտական հարաբերություններ, կամ էլ Հայաստանը այլևս դասվում է այդ անպտուղ երկրների շարքին և նրանց հետ հարաբերություններ է հաստատում «հավասարը հավասարի հետ» ձևաչափով:

 

Ի վերջո, որևէ հստակ քայլ այդ անիմաստ դարձած պետական կառույցը անելու՞ է: Կարծում եմ, որ որևէ խորհրդանշական օր, ասենք այս տարվա ապրիլի 24-ից, Հայաստանը պետք է շտկի իր դիվանագիտական բացթողումը և սկսի դիվանագիտական գործընթաց՝ Սաֆարովի արտահանձնումը միջազգային իրավական խնդրի վերածելու և ԼՂ ինքնիշխանության ստատուսը բարձրացնելու համար...

 

Եթե, իհարկե, Հայաստանի անողնաշար դիվանագետները վաղուց արդեն այս հարցը ԱԳՆ-ի փոշոտ արխիվները չեն նետել...

 

 

Վարուժան Բաբաջանյան