Ադրբեջանի տնտեսության կախվածությունը նավթային հատվածից խիստ մեծ է եւ այդ ցուցանիշն արդեն հասել է վտանգավոր մակարդակի: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, FaktXeber.com-ին հայտնել է փորձագետ-տնտեսագետ Օքթայ Հաքվերդիեւը:
Նրա խոսքով' թեեւ իշխանությունները նշում են, թե վերջին երեք տարիներին համախառն ներքին արտադրանքում (ՀՆԱ) ոչ նավթային հատվածի մասնաբաժինն ավելացել է, պաշտոնական վիճակագրության մեջ բերված թվերը, շատ դեպքերում, ուռճացվում են:
«Կառավարությունը շատ լավ գիտի, որ երկրում նավթային հատվածից կախվածությունը խիստ բարձր է: Այդ ցուցանիշն արդեն հասել է վտանգավոր մակարդակի: Հենց որ 2009 թ-ին նավթը սկսեց էժանանալ, Ադրբեջանի բյուջետային եկամուտը մեկ տարվա ընթացքում 1,5 մլրդ դոլարով կրճատվեց: Այդ պատճառով մենք չենք կարող ասել, որ նավթային հատվածից երկրի տնտեսության կախվածությունը նկատելիորեն նվազել է: Այդ կախվածությունն ամբողջությամբ վերացնելու համար անհրաժեշտ է մոտ 10 տարի: Երբ ոչ նավթային հատվածից եկամուտները կհասնեն 40 տոկոսի, այն ժամանակ կարելի կլինի պնդել, որ վտանգն անցել է», -հայտարարել է փորձագետը: