ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2014 թվականի հունվարի տնտեսական ակտիվության ցուցանիշը, որը նախորդ տարվա հունվարի համեմատ կազմել է 1,8 տոկոս, իսկ 2013 թվականի տնտեսական աճի ցուցանիշը դեռևս հրապարակված չէ։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարության Տնտեսական զարգացման քաղաքականության վարչության պետ Արտակ Բաղդասարյանը՝ խոսելով մամուլում տեղ գտած այն հրապարակման մասին, ըստ որի՝ 2014 թվականին Հայաստանում տնտեսական աճը կազմել է 1,8 տոկոս' նախատեսված 3,5 տոկոսի փոխարեն։ Նրա խոսքով՝ 2013 թվականի աճի մասին կան նախնական գնահատականներ և կանխատեսումներ, որոնց համաձայն՝ տնտեսական աճը գնահատվում է 3,5 տոկոսի շրջանակում։ «Երեկ Ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացրել էր երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները հունվարի համար։ Իսկ մեկ շաբաթ անց ԱՎԾ-ն կհրապարակի արդեն 2013 թվականի տնտեսական աճի ցուցանիշը»,- ասաց նա։

 

Երեկ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացրել էր երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները, որոնց համաձայն՝ 2014 թվականի հունվարին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ կազմել է 1,8 տոկոս: ԱՎԾ հրապարակումից հետո մամուլում տեղ գտան նյութեր, որոնցում ասվում էր, թե 2014 թվականին Հայաստանի տնտեսական աճը կազմել է ընդամենը 1,8 տոկոս։