Ազգային ժողովում ստեղծվելիք գազի ժամանակավոր հանձնաժողովի դռնփակ աշխատանքը կապահովի ուսումնասիրությունների անկաշկանդվածությանը և օբյեկտիվ որոշումների կայացմանը: Ազգային ժողովում գազի հարցերով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու որոշման նախագծի քննարկման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը: «Հանձնաժողովի աշխատնանքների դռնփակ անցկացնելու միակ նպատակը սա է: Մենք հանրությունից ոչինչ չենք ցանկանում թաքուն պահել և որոշումների կայացումից հետո ցանկացած ոք կարող է դրա մասին տեղեկացնել հանրությանը' ինչ ծավալով որ ինքն է ցանկանում»,- նշեց նա:
Նրա խոսքով' հանձնաժողովի ոչ հրապարակային քննարկումները հնարավորություն կտան պատգամավորներին անկաշկանդ աշխատել և հանդես գալ միայն ի օգուտ անցկացվող քննարկումների: Միակ նպատակն, ըստ Խոսրով Հարությունյանի, հանձնաժողովի աշխատանքները քաղաքական շահարկումներից պաշտպանելն է: «Ես կարծում եմ, որ մենք կարող ենք խորհրդարանում ժամանակավոր հանձնաժողովներ ստեղծելու նոր քաղաքական ավանդույթ ձևավորել: Եկեք ձևավորենք այդ ավանդույթը»,- նշեց Հարությունյանը:
Խոսրով Հարությունյանը նկատեց, որ ինքը կողմ է ամբիոնից հնչած շատ առաջարկների, որոնց կարելի է ընթացք տալ: «Մասնավորապես, Արծվիկ Մինասյանը քիչ առաջ առաջարկեց գազի սակագնի ձևավորման մեխանիզմն ուսումնասիրել ոչ միայն միջազգային գործելաոճիի, այլ նաև Հայաստանի օրենսդրության համատեքստում: Կարծում եմ, որ ողջամիտ առաջարկ է, և կարելի է հաշվի առնել»,- նշեց Հարությունյանը:
Անդրադառնալով հանձնաժողովի գործունեությանը՝ Խոսրով Հարությունյանը նշեց, որ այն կարող է արդյունավետ լինել միայն մեկ դեպքում. եթե ուսումնասիրությունների արդյունքում բացահայտված բոլոր թերությունները հետագայում բացառվեն համապատասխան օրենսդրական լուծումների եղանակով:
Ազգային ժողովը քննարկում է խորհրդարանում գազի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու որոշման նախագիծը, որը ներկայացրել է իշխանական կոալիցիան: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը փետրվարի 17-ին խմբակցությունների ղեկավարներին խորհրդակցության է հրավիրել: Խորհրդակցության ժամանակ ԱԺ նախագահը խմբակցությունների ղեկավարներին ներկայացրել է ՀՀԿ խմբակցության առաջարկը՝ խորհրդարանում գազի հանձնաժողով ստեղծելու մասին: Խմբակցություններն առաջիկայում պետք է քննարկեն և իրենց դիրքորոշումն արտահայտեն առաջարկի վերաբերյալ:
Նախորդ քառօրյայի ընթացքում «Հանրապետական» մեծամասնությունը դեմ քվեարկեց գազի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ԱԺ 4 ոչ իշխանական ուժերի նախագծին: Չորս խմբակցություններն առաջարկում էին հանձնաժողովի շրջանակում ուսումնասիրել, թե երբ է կուտակվել Ռուսաստանի հանդեպ գազի գնի դիմաց 300 միլիոն դոլար պարտքը և որոնք են գազի մեծածախ և մանրածախ գների շոշափելի տարբերության պատճառները: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը խոստացել էր հետագայում անդրադառնալ ոչ իշխանական 4 ուժերի առաջարկին և նրանց բարձրացրած հարցերին: