Վերջերս համացանցում ակտիվացել են քննարկումներն այն մասին, որ Ուկրաինայում տեղի ունեցած ներքաղաքական զարգացումները կարող են անդրադառնալ նաև Հայաստանի ներքաղաքական իրադարձություններին:

 

Այս մասին Լուրեր.com-ը զրուցեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ. «Միանշանակ կարող է անդրադառնալ, եթե ոչ ուղղակիորեն, ապա բնականաբար ազդեցություն, ոգևորության առումով կունենա: Հիշո՞ւմ եք, երբ 2011-ին «արաբական գարուն» էր, մեր քաղաքացիները ևս շատ տոգորված էին այդ փոփոխությունների շնչով, և ցանկություն կար փոփոխություններ իրականացնել նաև Հայաստանում:

 

Սակայն, ցավոք սրտի, ընդդիմությունը կրկին միասնական չեղավ և քաղաքացիները դրանից հիասթափվեցին: Այդ ամենի հետ մեկտեղ քաղաքական գործընթացները գնացին այլ ուղղությամբ, երկխոսություններ սկսվեց իշխանության հետ»,-ասաց Մարտիրոսյանը:

 

Մարտիրոսյանը նշեց նաև, որ ցանկացած դեպքում այսօր ոգևորությունը կա, և եթե ընդդիմությունը միասնական գործողությունների դիմի, ինքը համոզված է, որ քաղաքացիների կողմից շատ մեծ աջակցություն կլինի: