Ադրբեջանական հաքերային խումբը հարձակման է ենթարկել մի շարք հայկական կայքեր: Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը տեղեկացնում է, որ փետրվարի 26-ի առավոտյան 06:00-֊ի սահմաններում ադրբեջանական հաքերները կարողացել են ներխուժել ADC-ի DNS համակարգի մեջ եւ այնտեղ փոփոխություններ անել։ «Որպես հետեւանք մոտ 300 կայք այս պահին ցույց են տալիս ձեզ նրանց քարոզչությունը։ Կայքերը բացարձակ կոտրված չեն՝ պարզապես փոխվել է դեպի կայքերը ճանապարհը։ Մտնելուց ուրիշ տեղ եք իրականում ընկնում։ DNS համակարգերը իներցոիոն են, կամաց-կամաց են վերականգնվելու»,-նշում է Մարտիրոսյանը:
Փետրվարի 25-ի ուշ երեկոյան նա ֆեյսբուքյան եւս մեկ գրառում է կատարել, ըստ որի, «Հայկական կիբեր բանակ» հաքերային խումբը հարձակում է գործել ադրբեջանական մեկ տասնյակին մոտ կայքերի վրա ու տեղադրել Սումգայիթի ջարդերին նվիրված ֆիլմ: Մասնագետն ավելի վաղ տեղեկացրել էր, որ հաքերային հարձակումները պայմանավորված են Խոջալուի եւ Սումգայիթի դեպքերով:
1988 թվականի փետրվարի 27- 29-ը ընկած ժամանակահատվածում' Սումգայիթի ջարդերի ժամանակ, Խորհրդային Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունների կողմից պետական մակարդակով կազմակերպվել է քաղաքի հայ ազգաբնակչության եղեռն և զանգվածային տեղահանություն:
1992թ. փետրվարի 25-26-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունները կազմակերպեցին մարտական գործողություն' նպատակ ունենալով ապաշրջափակել Խոջալու բնակավայրի մոտակա օդանավակայանը և վնասազերծել հակառակորդի' հենց Խոջալույում գտնվող կրակակետերը, որտեղից ԼՂՀ բնակավայրերը ադրբեջանական օմօնականների կողմից պարբերաբար ենթարկվում էին հարձակումների: Խոջալուի ազատագրման և օդանավակայանի ապաշրջափակման մարտական գործողությունը սկսվեց 1992թ. փետրվարի 25-ին, ժամը 23:30-ին և ավարտվեց փետրվարի 26-ին, ժամը 3-ին: ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի ստորաբաժանումները խաղաղ բնակչության համար թողեցին միջանք' մարտական գործողությունների գոտուց անվտանգ հեռանալու համար, ինչի մասին ադրբեջանական կողմը նախօրոք զգուշացվել էր, սակայն ադրբեջանական կողմը հերքում է տվյալ փաստը: