Եգիպտոսում առաջնային է քաղաքացիների անվտանգության ապահովումը և ահաբեկչության դեմ պայքարը: Այս մասին հայտարարել է Եգիպտոսի նոր վարչապետ Իբրահիմ Մահլաբը: Նա նաև նշել է, որ հնարավոր ամեն ինչ պետք է արվի երկրի ողջ տարածքում դադարեցնելու ահաբեկչությունը: Բացի այդ, նա հույս է հայտնել, որ մի քանի օրվա ընթացքում կկազմավորվի Եգիպտոսի նոր կառավարությունը: Նա խոստացել է քաղաքացիների կյանքը հնարավորինս բարելավել:
Ավելի վաղ Եգիպտոսի ժամանակավոր նախագահ Ադլի Մանսուրը Բնակարանաշինության նախարար Իբրահիմ Մահլաբին պաշտոնապես հանձնարարել էր ձևավորել նոր կառավարություն: Եգիպտոսի նոր կառավարությունում 35 նախարարություններից 9-ը կունենան նոր ղեկավարներ: Նոր կառավարության մեջ Արդարադատության, Էներգետիկայի, Հանքային ռեուրսների, Ֆինանսների, Նավթի, Միջազգային համագործակցության, Բարձրագույն կրթության և Բնակարանաշինության նախարարություններում կնշանակվեն նոր ղեկավարներ:
Եգիպտոսի կառավարությունը փետրվարի 24-ին հրաժարական էր տվել: