Թուրքիայի կառավարությունը երկրի պետական կառույցներում ներդրվելու փորձեր նախաձեռնող արդի իսլամի գաղափարախոս Ֆեթուլլահ Գյուլենի կողմնակիցների դեմ պայքարի շրջանակում միջոցառումների հատուկ փաթեթ է պատրաստում: Այս մասին հայտնում է թուրքական «Սաբահ» թերթը' հղում կատարելով թուրքական կառավարության իր աղբյուրներին:
Միջոցառումների նշյալ փաթեթի բովանդակությունն առայժմ չի հրապարակվում, բայց դրա նաև նշվում է, որ Գյուլենի կողմնակիցների դեմ պայքարի շրջանակում Թուրքիայում ոստիկանական դպրոցները կարող են ժամանակավորապես փակվել:
Թուրքիայի ԶԼՄ-ները փետրվարի 25-ին տեղեկատվություն են տարածել այն մասին, որ 2011 թ. հակաահաբկեչական գործողության շրջանակում, որը Ստամբուլի ոստիկանության կողմից անցկացվում էր «Սալամ» ահաբեկչական կազմակերպության դեմ, լսվել են ինչպես իշխող, այնպես էլ ընդդիմադիր կուսակցությունների հետ կապ ունեցող մոտ 7 հազար մարդկանց, այդ թվում նաեւ երկրի վարչապետի, նրա ընտանիքի անդամների եւ թուրքական հետախուզության ղեկավար Հաքան Ֆիդանի հեռախոսները: Անցյալ դեկտեմբերի կեսերին թուրքական իրավապահ մարմինների կողմից անցկացված գործողությունների արդյու նքում բացահայտվել էին Էրդողանի, նրա որդիների, կառավարության անդամների' խոշոր ծավալների հասնող կոռուպցիոն գործարքները:
Համացանցում հայտնված հեռախոսային խոսակցությունների ձայնագրություններում Էրդողանը հանձնարարում է իր ավագ որդուն ոստիկանությունից թաքցնել Ստամբուլի իր տանը պահված տասնյակ միլիոնավոր դոլարի կանխիկ գումարը: Այդ ցնցող բացահայտումը պատճառ դարձավ Թուրքիայում համատարած կոչերի' Էրդողանի հրաժարականի պահանջով: Դրանից հետո Էրդողանը Գյուլենին մեղադրեց այն բանում, որ հենց նրա շարժման ներկայացուցիչներն են կանգնած հեռախոսային խոսակցությունները լսելու հետեւում: Էրդողանը նաեւ նշել էր, որ Գյուլենի շարժումը, որը նա անվանել էր «զուգահեռ պետություն», իր հակապետական գործունեությամբ ապացուցել է, որ ոչ թե կրոնական հոսանք է, այլ «քաղաքականացված եւ ապօրինի կառույց»:
Գյուլենական շարժումը քարոզում է իսլամական չափավորություն, հանդուրժողականություն, միջկրոնական երկխոսություն, իսլամի եւ ժողովրդավարության համատեղելիություն: Ֆեթուլլահ Գյուլենը, ով 1999թվականից որպես վտարանդի բնակվում է ԱՄՆ-ում, մեծ ազդեցություն ունի թուրքական կառավարության եւ ուժային կառույցների վրա: Թուրքական խորհրդարանում ԱԶԿ-ի զգալի թվով պատգամավորներ համարվում են գյուլենական աղանդի հետեւորդներ: