Հանրությունը որոշ ժամանակ առաջ ցնցվել է սեռական բնույթի հանցագործությունների մասին տեղեկություններից. Պարզվել է, որ երեք հասուն տղամարդիկ առանձին- առանձին սեռական հարաբերություն են ունեցել նույն անչափահասի հետ՝ հետանցքից: Այդ մասին հայտնում է «Փաստինֆո»-ն:

 


Անչափահասն, ի դեպ, հանցագործությունների կատարման պահին ընդամենը 12 տարեկան է եղել: Երեք դեպքերի վերաբերյալ առանձին-առանձին վարույթներով գործերն ուղարկվել էին դատարան:
Դեռևս մեղադրական եզրակացության հատվածը «Դատալեքս» տեղեկատվական համակարգում կարդալիս ողջամիտ կասկած առաջացավ, որ անչափահասի ընտանիքում ամեն ինչ նորմալ չէ, մայրը, մասնավորապես, իր տեղում չէ:

 


Գործերից մեկով՝ 30-ամյա Կարենի (անունը փոխված է) վերաբերյալ գործով մեր կասկածները հաստատվեցին:
Մինչդատական վարույթի ընթացքում հաստատվել էր, որ ՍՊԸ-ի պահակ ամբաստանյալը 2012թ. հունիս ամսին ծանոթացել է տուժող երեխայի մոր՝ Լորետայի (անունը փոխված է) հետ և հաճախակի է նրա հետ սեռական հարաբերություն ունեցել։

 


Տեղեկանալով այդ մասին՝ Լորետայի ամուսինը 2012թ. նոյեմբեր ամսվա վերջին նրան ու նրա անչափահաս դստերը վտարել է իր տանից ( նշենք, որ ամուսինը երեխայի հայրը չէ. երեխան ծնվել է արտաամուսնական կապից)։

 


Լորետան գնացել է Կարենի մոտ և խնդրել վերջինիս թույլ տալ իրեն ու դստերը՝ Մոնիկային (անունը փոխված է), ժամանակավորապես բնակվել նրա հետ' քարհանքի պահակատան տնակում։ Կարենը համաձայնել է և մայր ու դուստր տեղափոխվել և բնակվել են այդ տնակում։ Ընդ որում, Լորետան եւ Մոնիկան քնել են տնակի պատուհանի տակ դրված մահճակալին, իսկ Կարենը' մուտքի դռան դիմաց դրված մահճակալին։
Համատեղ բնակվելու ընթացքում կինը բազմիցս սեռական հարաբերություն է ունեցել ամբաստանյալի հետ՝ հիմնականում տնակից դստեր բացակայելու ընթացքում, բայց նաև գիշերը՝ անչափահասի քնած ժամանակ: Սակայն անչափահասը մի քանի անգամ ականատես է եղել։

 


2012թ. դեկտեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը՝ ժամը 01։00-ի սահմաններում, երբ Կարենը ալկոհոլ օգտագործած վիճակում վերադարձել է տնակ ու սուրճ է խնդրել, աղջիկը սուրճ է պատրաստել ու պառկել Կարենի մահճակալին։ Սուրճը խմելուց հետո մայրը պառկել է իր մահճակալին' քնելու և իր մոտ է կանչել դստերը, սակայն վերջինս հրաժարվել է գնալ մոր մոտ։

 


Երբ մայրը քնել է, Կարենը պառկել է Մոնիկայի կողքին և օգտագործելով աղջկա անօգնական վիճակը, այն, որ վերջինս չէր կարող գիտակցել իր նկատմամբ կատարվող գործողությունների նշանակությունը, բավարար գնահատել դրանց հետևանքները՝ բարոյական, սոցիալական և էթիկական առումներով, բռնություն է գործադրել նրա նկատմամբ. ձեռքով փակելով նրա բերանը, նրա կամքին հակառակ՝ հետանցքից սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ։

 


Դատարանում ամբաստանյալի մեղադրանքը փոփոխություն է կրել. գործով մեղադրողը 2013թ. դեկտեմբերի 26-ին որոշում է ներկայացրել դատարան, որով Կարենին առաջադրված մեղադրանքը մեղմվել է' ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մասով առաջադրված մեղադրանքը՝ 14 տարին չլրացած տուժողի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողությունները, որով նախատեսված է 8-15 տարվա ազատազրկում, փոփոխվել է և նրան նոր մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածով՝ Սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի հետ, որով նախատեսված է տուգանք կամ ազատազրկում՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

 


Ամբաստանյալ Կարենը ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչել, կատարած արարքի համար զղջացել և խնդրել իր նկատմամբ մեղմ վարվել։
Տուժող անչափահասի նախաքննական ցուցմունքի համաձայն՝ մոր սիրեկանն իրեն հաճախակի է ուղարկել հարևան անասնագոմերում որպես կթվորուհի աշխատող կնոջ մոտ, որի ընթացքում նա իր մոր հետ զբաղվել է սիրով։

 


Նախաքննության ընթացքում անչափահասը հայտնել էր, որ մոր սիրեկանն իր հետ իր կամքին հակառակ է սեռական հարաբերություն ունեցել իր հետ, իսկ դատարանում հայտնել է, որ ամբաստանյալն իր նկատմամբ բռնություն չի գործադրել և չի ստիպել իրեն սեռական հարաբերություն ունենալ, նաև հայտնել է, որ ինքն ամբաստանյալի դեմ չի բողոքում, չի ցանկանում, որ վերջինս պատժվի, քանի որ խնամքին ունի երեք անչափահաս երեխաներ:

 


Երեխայի մայրն, ով դատարանում նրա օրինական ներկայացուցիչն է, նախաքննության ընթացքում հայտնել է, որ դուստրն իրեն արթնացրել է և հայտնել տեղի ունեցածի մասին, ինքը զայրացել է դստեր վրա, թե ինչու իրեն չի արթնացրել, իսկ դուստրն ասել է, որ Կարենը թույլ չի տվել և ձեռքով փակել է նրա բերանը։
Դատաքննության ընթացքում մայրը նույնպես հայտնել է, որ սեռական հարաբերությունը դստեր կամքով է տեղի ունեցել:

 

Դատաքննության ընթացքում մայրը նույնպես հայտնել է, որ սեռական հարաբերությունը դստեր կամքով է տեղի ունեցել:

 

Հատկանշական է հիշատակված կթվորուհու ցուցմունքն այն մասին, որ ինքը հաճախ տեսել է, որ անչափահասի մայրը դստեր ներկայությամբ Կարենի հետ իրեն ազատ ու անվայելուչ է պահել, որի համար ինքը դիտողություն է արել, սակայն՝ անօգուտ։

 

Դատահոգեբանական փորձաքննությունը ևս անդրադարձել է մոր դերին՝ «դստեր հոգեկան, բարոյական զարգացման վրա էական բացասական ազդեցություն է ունեցել մոր վարքագիծը, ինչի արդյունքում դուստրը զոհ է դարձել սեռական ոտնձգությունների»։

 

Հարց է ծագում, ինչպե՞ս կարող էր դատարանում որպես անչափահասի օրինական ներկայացուցիչ հանդես գալ այսպիսի բնութագրով մայրը, առնվազն պատկան մարմինները պետք է բարձրացնեին նրան մայրական իրավունքներից զրկելու հարցը. եթե աղջիկը հայր չունի, չի նշանակում, որ այդչափ անպաշտպան պետք է լինի:

 

Նշենք, որ դատավճռով ամբաստանյալը մեղավոր է ճանաչվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածով նախատեսված հանցանքում և դատապարտվել ազատազրկման 1 տարի 6 ամիս ժամկետով: