«Արի ստեղ հըլը, բերանդ բացել կանգնես ես, այ «ժուլիկ», չես կարո՞ւմ դու քո հարցը նորմալ ձևակերպես, ես որևէ մեկին ահաբեկե՞լ եմ»,- գյուղատնտեսական խնդիրների վերաբերյալ ԱԺ լսումների ավարտից հետո լրագրողների ներկայությամբ ԱԺ նախագահն իր մոտ կանչեց քիչ առաջ իր կողմից նկատողություն ստացած ֆերմեր Ռաֆիկ Պողոսյանին, ով նախարարին ստախոս էր անվանել ու արժանացել ԱԺ նախագահի հանդիմանությանը։

 

ԱԺ նախագահը նման քայլի գնաց, քանի որ լրագրողները անմիջապես նրան մոտեցան և գյուղացու վրդովմունքին հնչեցրած պատասխանը որակեցին սպառնալիք։ Հովիկ Աբրահամյանը հավատացրեց, թե քանի որ գիտի նրա կենսագրությունը, բոլորովին դա նկատի չուներ։

 

«Ձեր մտահոգությունն իմ մտադրությունը մի հաշվեք էլի, ես էդպես բան չունեմ մարդուն սպառնալ, ես նույնիսկ ԱԺ-ում, տեսնում եք, որ մարդիկ ինձ սպառնում են, ես շատ ուրախ-զվարթ պատասխանում եմ: Ես չէի կարող կրակի վրա բենզին լցնել, սիրելիս: Մարդը, իրոք, վիրավորված է, ես հասկանում եմ, եթե իմ տունը, որևէ մեկի տունը նա գրավ դնի և բանկը տանի, դա պրոբլեմ է, այո, ինչի՞ մասին է խոսքը, բայց չի կարելի հարցը թողնել անհետևանք»,-լրագրողներին պատասխանեց նա և ապա տեսնելով գյուղացուն դիմեց. «Ես որևէ մեկին ահաբեկե՞լ եմ»,- և բացասական պատասխան ստանալով՝ դիմեց իրեն հանդիմանող լրագրողին. «Դե ներողություն խնդրի»։ Մեր դիտարկմանը, թե բոլորի ներկայությամբ պարզ է, որ գյուղացին կասի ոչ, Հովիկ Աբրահամյանն արձագանքեց. «Ոնց կասի ոչ, բա կարո՞ղ ա ինձանից վախենում է։ Ես չէի ուզում, որ գյուղնախարարի ու իրա մեջ լարվածություն լինի, ինքը նախարարին վիրավորեց, ինքը իրավունք չունի նախարարին ասի ստում ես, տենց բան ո՞նց կարելի է ասել»։

 

Ֆերմերը իր թղթերը ձեռքին շարունակեց պնդել. «Պարոն Աբրահամյան ախր օրենքներ է խախտվել, հենա պարոն Գրիգորյանը գիտի»,- ասաց նա՝ մատնացույց անելով ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, գյուղատնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Մարտուն Գրիգորյանին։

 

Հովիկ Աբրահամյանը հարցրեց, թե քանի հոգի բերք չի ստացել նույն «էլիտար» սերմից։ «76 հոգի Վարդենիսից են, 5 հոգի մեր մարզից»,- նշեց գյուղացին՝ նկատի ունենալով Արարատի մարզը։

 

Ներկա էր նաև Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը, ում դիմելով Հովիկ Աբրահամյանը հարցրեց, թե՝ «Հլա մի րոպե թող ինքն ասի»։ «Հլա ձեռքերդ գրպանիցդ հանի»,- մի նկատողություն էլ Բերբերյանին տվեց ԱԺ նախագահը։

 

«250 ֆերմեր սերմ է ստացել, իսկ ֆերմերներին ընտրել է Գյուղնախարարությունը»,- պատասխանեց Հրաչ Բերբերյանը։

 

ԱԺ նախագահն ընդհատեց. «Պատճառն ինչ ա, Հրա՛չ, պատճառը»։ «Հստակ ասե՞մ»,- հարցրեց Բերբերյանը։ «Հա՛, հստակ, ճիշտ, ազնիվ ասա, մենք էս մարդկանց ի՞նչ ունենք խաբելու»,-պահանջեց ԱԺ նախագահը և հարցրեց, թե սերմն է եղել պատճառը, թե վատ մշակումը։ «Իմ գիտելիքներով սերմից է»,- պատասխանեց Բերբերյանը։

 

Հովիկ Աբրահամյանը խոստացավ, թե անպայման փորձելու է հասկանալ, որ այդ հարցը լուծվի։ Աբրահամյանը նշեց, թե մի բան չի հասկանում. «Գյուղնախարարը ինչո՞ւ չի ուզում վճարի, հո իրա գրպանից չի՞ վճարում»։

 

Հրաչ Բերբերյանը նշեց, որ սերմերից հնարավոր է 1000-ի մեջ 400-ն է վատ եղել։ «Դե, դուք եք մեղավոր, մասնագետներն են մեղավոր»,- ասաց ԱԺ նախագահը, ինչին Բերբերյանը չառարկեց, որ մասնագետների մեղավորությունն էլ կա։

 

Ֆերմերը կրկին միջամտեց, թե օրենքն ասում է, որ պետք բերեն 3 տարի սերմը փորձարկեն, նոր տան ֆերմերին։ Հովիկ Աբրահամյանը ընդհատեց. «Էդ շատ լավ է, որ գյուղացին սկսել է օրենքներից հասկանալ, լավ է»։

 

Տեսանյութը` Tert.am-ի