Երևանյան 80's Pub ակումբը կցուցադրի Լարս ֆոն Թրիերի «Նիմֆոմանուհի» ֆիլմը, որի առաջին մասի ցուցադրությունը տեղի կունենա մարտի 10-ին, իսկ երկրորդինը մարտի 12-ին:
Ինչպես Tert.am-ի հետ զրույցում ասաց ակումբի տնօրեն Հակոբ Բերբերյանը մուտքը լինելու է անձնագրերով՝ հաճախորդի տարիքը 18-ից պակաս չպետք է լինի, իսկ հետո ավելացրեց, որ ցուցադրությունը լինելու է փակ միջավայրում:
«Մեր ակումբը հիմնականում փակ ակումբ է, և մեր հաճախորդները մեր ընկերներն են, այսինքն՝ մենք մեր հաճախորդներին ճանաչում ենք ու հենց նրանց համար է ցուցադրությունը: Իսկ եթե անծանոթ մարդիկ էլ գան այդ օրը ակումբ, դժվար կարողանան դիտել,որովհետև, երևի թե, տեղ չի լինի ու թույլ էլ չենք տա մուտք գործել»,- ասաց նա:
Ակումբի տնօրենը նշեց, որ «Նիմֆոմանուհի» ֆիլմը ակումբում ցուցադրելու մտահաղացումը առաջացել է այն ժամանակ, երբ «Սինեմա Սթար Դալմա Գարդեն» կինոթատրոնը նախ հայտարարեց ֆիլմի ցուցադրման մասին, իսկ որոշ քննադատություններից հետո, հրաժարվեց դրանից:
«Այդ հարցը մենք բոլորս քննարկում էինք ու հասկացանք, որ բոլորս էլ կողմ ենք ֆիլմը դիտելուն։ Որոշեցինք բոլորս հավաքվենք ու նայենք: Քննադատությունը այս պարագայում դժվար լինի, որովհետև կինոթատրոնի միջավայրն այլ է, բայց այստեղ մենք մերոնցով ենք ու ինչպես մեր տանը կհավաքվեինք կնայեինք, այդպես էլ՝ ակումբում»,-ասաց նա:
Նշենք, որ ֆիլմի ցուցադրությունը լինելու է անվճար: