Թուրքիայում իրավիճակը շարունակում է մնալ լարված եւ թուրքական իշխանությունների ուշադրության կենտրոնում ներքաղաքական խնդիրների հարթեցումն ու առաջիկա երեք համապետական ընտրություններին մասնակցելն է: Թուքրագետ Հակոբ Չաքրյանի գնահատմամբ, թեպետ երկրում առկա է լարվածություն, Ֆեթուլլահ Գյուլենի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ հարաբերությունները չեն կարգավորվում, եւ կոռուպցիոն սկանդալները հաջորդում են միմյանց, սակայն ընտրություններում ֆավորիտը Թուքրիայի վաչապետն է եւ բնակչության մեծամասնությունը կողմ կքվեարկի Էրդողանի եւ նրա կուսակցության օգտին:

 

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Չաքրյանը նշեց, որ Թուրքիայում անցկացված բազմաթիվ սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ թեպետ կուռուպցիոն սկանդալի արդյունքում Էրդողանի վարկանիշն ընկել է, սակայն բնակչության զգալի մասը ձայնը կտա վարչապետին եւ նրա թիմին: «Էրդողանն ու իր կուսակցությունը կհաղթեն առաջիկա երեք ընտրություններում, սակայն նրա համար կարեւոր է, ոչ միայն հաղթելը, այլեւ ավելի ցածր ձայն չհավաքել, քան նախորդ ընտրությունների ժամանակ»,- ասաց Չաքրյանը' հավելելով, որ ընտրությունները երբեք այդքան լարված եւ մեծ նշանակություն չեն ունեցել Թուրքիայի եւ թուրք հասարակության կյանքում, որքան այսօր:

 

Չաքրյանի խոսքերով, ներքաղաքական լարված իրավիճակի պատճառով Թուրքիայի մեծ օրակարգում Հայաստանի հետ հարաբերությունները տեղ չեն գտել: «Թուրքիան կսպասի մինչեւ 2015թ. հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ որեւէ քայլ ձեռնարկելու համար, ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին, ապա Թուրքիան այս առնչությամբ դեռեւս լուրջ քայլերի չի գնում: Նրանք շարունակում են ժխտել պատմական փաստերն եւ ընդամենը մի քանի գրքեր են հրատարակել այդ ուղղությամբ»,- ասաց թուրքագետը:

 

Դեկտեմբերի 17-ին Ստամբուլում եւ Անկարայում միաժամանակյա անցկացրած գործողությունների արդյունքում թուրքական ոստիկանությունը ձերբակալել է նախարարների որդիների, գործարարնբերի' 50-ից ավելի անձանց, որոնք կասկածվում են ապօրինությունների, կոռուպցիայի, դրամաշորթության եւ Ադրբեջանի հետ էներգետիկ համագործակցության բնագավառում մոտ 200 մլրդ դոլար յուրացումների մասնակցության մեջ: Էրդողանը փոխել է կառավարության 10 նախարարներին եւ գործողությունը նախաձեռնած ու իրականացրած 350-ից ավելի բարերստիճան ոստիկանների: Թուրքիայում զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել, որոնց մասնակիցները պահանջում են կառավարության ամբողջ կազմի հրաժարականը: Ավելի ուշ հրապարակվեց Էրդողանի եւ իր որդու հեռախոսազրույցները, որտեղ վարչապետը որդուն խորհուրդ է տալիս տանն ունեցած միլիանովոր դոլարները տանել եւ բարեկամների տներում պահել: Մարտի 30-ին Թուրքիայում նախատեսված է ՏԻՄ ընտրություններ, իսկ օգոստոսին նախագահական: